Ալիևը մեղադրել է Ֆրանսիային ՄԱԿ-ում և ԵՄ-ում «Ադրբեջանի դեմ անարդար գործունեության» համար

Ալիև-Մակրոն-Փաշինյան հանդիպում Բրյուսելում, 15-ը դեկտեմբերի, 2021թ․

«Երբ Ադրբեջանն ազատագրեց իր հողերը օկուպացիայից, Ֆրանսիան ցույց տվեց իր իրական դեմքը», - երեկ Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն՝ ընդունելով Ադրբեջանում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպան Վինտա Սոմայի հավատարմագրերը։

Ալիևը մեղադրել է Ֆրանսիային ՄԱԿ-ում և Եվրամիությունում «Ադրբեջանի դեմ անարդար գործունեություն ծավալելու» համար։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ վերջին տասնամյակին Ադրբեջանը շատ ավելի է զինվել, քան Հայաստանը՝ նկատելով՝ Ադրբեջանն է 2020-ին պատերազմ սկսել:

Բաքուն արձագանքել էր, թե Մակրոնի տեսակետները՝ Հայաստանի ռազմականացման քաղաքականությունն արդարացնելու և Ադրբեջանի նկատմամբ բացահայտ կողմնակալ դիրքորոշում ցուցաբերելու, տարածաշրջանում լարվածություն ստեղծելու և խաղաղ գործընթացը խոչընդոտելու ևս մեկ վառ օրինակ են։

Ֆրանս - ադրբեջանական հարաբերությունները կտրուկ սրվել են 44-օրյա պատերազմից ի վեր։ Փարիզը պարբերաբար քննադատել է Ալիևի վարչակազմին, միաժամանակ, սակայն, խուսափել պատժամիջոցներ կիրառելուց՝ թեև նման պահանջ հնչեցվել է ընդհուպ Մակրոնի մերձավոր թիմակիցների կողմից։

Բաքուն մեղադրում է Փարիզին՝ «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու», «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման» «Հայաստանին զինելու» համար՝ փաստացի բոյկոտելով Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցային բոլոր հանդիպումները։ Երևանն ու Փարիզը պարբերաբար շեշտում են՝ Ֆրանսիան Հայաստանին միայն պաշտպանական սարքավորումներ է տրամադրում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ է ուղևորվում ոչ միայն Ֆրանսիայի պաշտպանության նախարարը, այլև զենքը. Figaro