Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր այցելել է Ստեփանակերտ, մասնակցել հիմնանորոգումից հետո համալսարանի բացմանը։
Ալիևը հանդիպել է համալսարանի դասախոսների և ուսանողների հետ, նաև ներկա է եղել ուսանողական հանրակացարանի բացմանը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ալիևի՝ այս տարվա սեպտեմբերի 18-ի հրամանագրով, սեպտեմբերի 20-ը նշվում է, որպես Ստեփանակերտի, Խոջալուի, Հադրութի և Մարտակերտի օր։
Ալիևը երեկ էլ Շուշիում էր՝ մասնակցելու Դրոշի հրապարակի բացմանը։ Իսկ Աղդամում «ծանոթացել է Քենգերլի գյուղում ընթացող շինարարությանը»։
Աղդամ մեկնելուց առաջ Ալիևը հրամանագիր էր ստորագրել սեպտեմբերի 20-ը «պետական ինքնիշխանության օր» հռչակելու մասին։
Սեպտեմբերի 19-ին լրացավ Արցախի հայաթափման մեկ տարին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:
Նախորդ տարվա այս օրը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվեց, նրանցից 181-ը՝ զինծառայող, 15 հոգի անհետ կորած է համարվում։ Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում՝ նրանցից 8 -ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։
Արցախում Ադրբեջանի ռազմական գործողություններին նախորդել էր 10-ամսյա բլոկադան․ Արցախը սուրջ տաս ամիս կտրված էր սննդի մատակարարումներից։ Արցախցիներն ապրում էին առանց էլեկտրաէներգիայի, գազի, վառելիքի և դեղորայքի, ջրի պաշարները սպառման եզրին էին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա