Ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը, արխիվ

Ադրբեջանը հաղորդում է հակահետևակային ականի պայթյունի հետևանքով տուժած հերթական զինծառայողի մասին։

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը Գերանբոյի՝ նախկին Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի մերձակայքում։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ զինծառայողը, որի անունն է Գադիմ Իբրահիմով, տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակն, ըստ ադրբեջանական աղբյուրների բավարար է։

Այսօր արդեն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Х-ի իր օգտահաշվում պնդել է, թե 2020 թվականի նոյեմբերին նախկինում հայերի վերահսկողության տակ գտնված տարածքներում ականների պայթյուններից 70 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը վիրավորվել։