Ադրբեջանը 1 տրիլիոն դոլարի պահանջ է պատրաստվում ներկայացնել Հայաստանին. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը մեկ շաբաթ առաջ հանդիպել է Ադրբեջանի ներկայացուցիչներին։ Նրանք, ըստ Մարուքյանի, պնդել են, որ իրենք արդեն ունեն վերջնական հաշվարկներ և մոտավորապես 1 տրիլիոն դոլարի պահանջ կարող են ներկայացնել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։

«Երբ ես ճշտող հարց տվեցի, որ արդյոք արդեն ներկայացրել եք, նրանք ասացին, որ փաստաթղթերը պատրաստվում են», - «Ազատության» եթերում ասաց քաղաքական գործիչը։

Էդմոն Մարուքյանը, սակայն, չբացահայտեց, թե ովքեր են եղել տեղեկատվությունը հաղորդողները, միայն նշեց, որ նրանք պաշտոնական շրջանակներն են ներկայացնում։

«Իլյուզիաներ պահպանել նրա վերաբերյալ, որ մենք կհրաժարվենք դատական գործերից, Ադրբեջանը մեր դեմ դատական գործեր չի ներկայացնի, հանել ամբողջ կոնֆլիկտի հենքը տակից և դառնալ ագրեսոր պետություն իրենից բխող հետևանքներով, պետական հանցագործություն է ՀՀ ժողովրդի նկատմամբ, ես դեմ եմ դրան», - ասաց Մարուքյանը։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ որպես խաղաղության պայմանագրի կնքման նախապայմաններից մեկը Բաքուն Երևանից պահանջում է հետ կանչել հայցերը միջազգային դատարաններից։

Հայաստանցի ու արցախցի իրավապաշտպանները կառավարությունից նախկինում պահանջել են չհրաժարվել ընդդեմ Ադրբեջանի՝ Ստրասբուրգի ու Հաագայի դատարաններ ներկայացված հայցերից, կարծում են՝ այդ քայլը միջազգային ասպարեզում անդառնալի վնասներ կհասցնի Հայաստանին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում.