Ադրբեջանցիները կտրում են Սյունիքի Ներքին Հանդի գրաված տարածքների անտառները։ Ծառերի մեծածավալ հատումներ իրականացվում են «Շիկահող» պետական արգելոցի՝ Ադրբեջանին անցած տարածքներում։
«Իրանք ամրաշինական մեծ աշխատանքներ են կատարել իրանց դիրքերում։ Անտառն էլ կտրտում են անխնա ձևով։ Դե իրանց հայեցողության տակ ա, ինչպես ուզում են, նենց էլ վարվում են», - ասաց Ներքին Հանդի բնակիչ Լևոն Զաքարյանը:
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն էր շաբաթներ առաջ Ներքին Հանդում փաստահավաք աշխատանքներ իրականացրել։ Ըստ իրավապաշտպանի ուսումնասիրության՝ արդեն հատվել է մոտ 10 հազար ծառ։ Թաթոյանը նաև զգուշացնում է, որ անկանոն արգելոցում անկանոն ծառահատման հետևանքով մեծացել է սողանքների վտանգը, վայրի կենդանիների վերացման վտանգ կա։
Բնակիչները իրենց տներից են հետևում ադրբեջանական ամեն օր ամրացվող դիրքերին էլ, կտրվող անտառին էլ։ Գյուղին մոտ նաև Սոսիների պուրակն է, «Կարմիր գրքում» գրանցված հաստաբուն սոսիներով։ 22-ի սեպտեմբերյան արյունալի մարտերի ժամանակ պուրակից էլ տարածք անցավ ադրբեջանցիներին։ Գյուղացիների համար արգելոցի այդ մասը տեսանելի չէ։
Ներքինհանդցի Նորիկ Դանիելյանը հույս ունի, որ ադրբեջանցիների կխնայեն Սոսիների պուրակը. - «Ինձ թվում ա չեն կտրի։ Դա սուրբ ծառ ա, չեն կտրի»։
Ներքին Հանդը երեք կողմից շրջափակված է ադրբեջանական հենակետերով։ Ադրբեջանի վերահսկողությանն են անցել գյուղի մշակովի հողերը, գերեզմանը, խմելու ջրի ակունքները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սահմանը մոտիկացել ա, գյուղը խեղդված ա երեք կողմից». Ներքին Հանդի բնակիչ«Անհույս ապրում ենք էլի։ Չենք իմանում վաղվա օրը ինչ կլինի…Լուսաբացը չի երևում», - ասաց Լևոն Զաքարյանը:
Գյուղում խոստացած սահմանազատմանն են սպասում
Գյուղում իշխանությունների խոստացած սահմանազատմանն են սպասում, սակայն վստահ չեն, թե նոր սահմանները հեշտ կգծվեն։
«Դա էդքան էլ հեշտ բան չի էլի։ Ես չեմ համոզված, որ թուրքը կարող ա հեշտությամբ իր գրավյալ տարածքները սկուտեղի վրա սենց ասի՝ լավ հիմա տալիս եմ ձեզ», - նշեց բնակիչը:
Ներքին Հանդում մինչև 44-օրյա պատերազմը անասնապահությամբ էին զբաղվում։ Գյուղում հիմա ընդամենը մեկ կով, երկու այծ ու երեք ոչխար կա։ Ոչխարների տերը 73-ամյա Նորիկ Դանիելյանն է, պետությամբ աջակցությամբ նոր է գնել՝ խաղաղության հեռանկարով։
«Առել եմ ցորեն, գարի, կաղին եմ հավաքում, դաշտից խնձորի ծառից թափած խնձորն եմ տալիս։ Մի խոսքով՝ էս տերևները թթի, մեկ էլ հարած խոտ եմ տալիս», - ներկայացրեց Դանիելյանը։
Նորիկ Դանիելյան Ներքին Հանդի բնակիչ Նորիկ Դանիելյանի ոչխարները փակի տակ են՝ խիստ հսկողության ներքո։ Արոտ բաց թողնել, ասում է՝ չի կարող. ամենուր ականներ են։
Գյուղի դպրոցում հիմա 4 աշակերտ է սովորում
«Պատերազմ չլինի, ոչխար էլ կպահենք, հող էլ կմշակենք», - միայն թե սրտնեղում է, որ վերջին տարիներին շատ են գյուղից գնացողները։
Գյուղի դպրոցում հիմա 4 աշակերտ է սովորում։ Օրեր առաջ գյուղացիների համար լավ նորություն էլ եղավ, Ներքին Հանդում նոր փոքրիկ ծնվեց։
Գյուղում վերջին ամիսներին իշխանությունները տանիքներ են փոխում, նոր ջրագիծ են անցկացնում, գյուղը քաղաքին կապող տրանսպորտն է աշխատում, կրակոցներ չկան, բայց քնում-արթնանում են ականջը դրսի ձայներին։
Գյուղացիներն ասում են՝ ռուսական զորախմբի դուրս գալուց հետո Եվրամիության դիտորդներն են հաճախակի գյուղ գալիս։ Օրեր առաջ տիկին Լիդան նրանց սուրճ է հյուրասիրել, պատմել գյուղի անվտանգային խնդիրների մասին։ Լսել են ու հեռացել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Եկան, շրջեցին, ում տեսան բարևեցին, գնացին». Ներքին Հանդի բնակիչները՝ գյուղ ԵՄ դիտորդների առաջին այցի մասին«Եթե արտաքին ուժերը չմիջամտեն, մեր իշխանությունները կամ իրանց իշխանությունները ոչինչ էլ չեն կարող անեն», - ընդգծեց Լևոն Զաքարյանը:
Տիկին Լիդայի ամուսինը՝ Լևոն Զաքարյանը, ասում է՝ իրենք հարևանասեր մարդիկ են, միշտ փորձել են նրանց հետ խաղաղ ապրել։ Այս նորերը ուրիշ են. - «Ես ծնվել եմ, գիտեմ, որ սա մեր հողն է, իմ հերս տենց ա տեսել, իմ պապիկս տենց ա տեսել։ Ես իմ պապիկիս հորը տեսել եմ։ Նա էլ ա էդ հողը մշակել»:
Հիմա նոր հարևաններն եկել, ասում են ձեր հողն էլ է մերը, ձեր գերեզմանն էլ, անտառն էլ։ Ներքին Հանդցի Նորիկ Դանիելյանը հիշում է, թե ինչպես էին 1980-ականներին սովետի հողաշինարարները գյուղում չափագրում անում։ Ինքը բոլոր գյուղերով նրանց հետ շրջել է, լավ գիտի բոլոր սահմանները։ Տանը այդ չափագրումներից մնացած մի քանի քարտեզ ունի, որը ոչ մեկին ցույց տալիս. սպասում է սահմանազատմանը։
Հարցին՝ «պարտեզագորղները որ գան, ցո՞ւյց եք տալու իրենց», Դանիելյանը պատասխանեց. - «էլի չէ։ Պտի տեսնեմ՝ իրենք ինչ են անում, նոր։ Իրենց տեսնեմ ինչ քարտեզ ունեն, ինչ քարտեզ են բերել։ Միգուցե գալիս են խաբում են, բա չկարողանա՞նք իրենց դեմն առնել»: