Ադրբեջանն ու Պակիստանը քննարկում են ռազմական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

Իլհամ Ալիևը JF-17C-ի ղեկին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Բաքու ժամանած Պակիստանի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Սախիր Շամշադ Միրզային։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, կողմերը քննարկել են երկու երկրների ռազմական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

«Անդրադառնալով պաշտպանության ոլորտում համագործակցությանը՝ նախագահ Իլհամ Ալիևը գոհունակությամբ նշել է վերջերս Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինանոցում հայտնված JF-17C ինքնաթիռը, և շեշտել, որ այդ ինքնաթիռները լավագույններից են համաշխարհային մակարդակում», - ասված է հաղորդագրությունում։

Պակիստանում արտադրված JF-17C կործանիչները Բաքուն ստացավ սեպտեմբերի վերջին։ Այս թեթև օդանավերը նախատեսված են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային գործողությունների համար՝ եղանակային բոլոր պայմաններում։

Դեռ փետրվարին պակիստանյան մամուլը գրում էր, թե գործարքի ընդհանուր արժեքը կարող է հասնել 1 միլիարդ 600 միլիոն ամերիկյան դոլարի։ Նույն աղբյուրների փոխանցմամբ, Բաքուն այս գործարքով մտադիր է հրաժարվել իր զինանոցում եղած ռուսական արտադրության Միգ-29 օդանավերից՝ դրանք փոխարինելով Պակիստանում արտադրվածներով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը JF-17C կործանիչներ է ձեռք բերել