Հայաստանն օր առաջ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրն՝ այն տեքստը, որն արդեն համաձայնեցված է Ադրբեջանի և Հայաստանի միջև, այսօր Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ վերահաստատելով Հայաստանի ամուր նվիրվածությունը խաղաղության օրակարգին։
«Համաձայնագիր որով, ըստ էության, երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը կճանաչեն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Մի փաստաթուղթ, որը սահմանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանները դրանք այն սահմաններն են, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային միության շրջանում՝ դրա փլուզման պահին երկու երկրների միջև», - ասաց Միրզոյանը։
Արտգործնախարարը տեղեկացրեց՝ հերթական խմբագրական առաջարկները, որ փոխանցվել են Բաքվին, Հայաստանի և Ադրբեջանի միջև բացառապես փոխհամաձայնեցված տեքստ է։
Ստեֆան Սեժուրնեն իր հերթին հայտարարեց, որ Փարիզն աջակցում է Երևանի ու Բաքվի միջև արդար և կայուն խաղաղություն հաստատող, երկու երկրների սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը հարգող պայմանագրի հնարավորինս արագ ստորագրմանը։
«Սա Ալմա-Աթայում 1991 թվականին ստորագրված փաստաթղթի ամբողջ իմաստն է, և Պրահայում 2022 թվականին քաղաքական հանրությանն այս նույն գաղափարն է ներկայացվել: Բնականաբար, շատ կարևոր է խաղաղության հաստատումը, երբ այս կարևոր սկզբունքները ոտնահարվում են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում», - նշեց Ֆրանսիայի արտգործնախարարը։
Անդրադառնալով սահմանազատմանը, Սեժուրնեն շեշտեց, որ օգոստոսի 30-ին ձեռք բերված համաձայնությունը ճիշտ ուղղությամբ է գնում և աջակցում են այս գործընթացին՝ հիմնված սուվերենության և տարածքային ամբողջականության վրա՝ ընդգծելով՝ Հարավային Կովկասը պետք է դառնա խաղաղության և համագործակցության մի շրջան, որը հնարավորության կտա նաև Հայաստանում առևտրի զարգացմանն ու բարգավաճմանը։
«Հայաստանը ցանկանում է խաղաղություն, Ֆրանսիան ցանկանում է խաղաղություն, միջազգային հանրությունը ցանկանում է խաղաղություն և քանի որ Ադրբեջանը շուտով կհյուրընկալի COP 29-ը (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը), նրա պատասխանատվությունն է՝ ցույց տալ, որ նա անկեղծորեն ցանկանում է հասնել խաղաղության նախքան COP 29-ը։ Կարծում եմ, որ պետք է կարողանանք առաջ գնալ այս թեմայի շուրջ շատ արագ», - ասաց Ֆրանսիայի արտգործնախարարը։
Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։ Օրերս Երևանում կայացած «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց խաղաղության պայմանագրի այս պահին համաձայնեցված տեքստը ստորագրելու, չհամաձայնեցված հարցերը ապագային թողնելու պատրաստակամությունը։ Փաշինյանի այս առաջարկը Բաքուն մերժել է։ Ադրբեջանը պայմանագիրը ստորագրելու նախապայման է համարում Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը, Հայաստանն էլ Բաքվի այս պահանջն իր ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. ՀաջիևԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է 16 հոդվածով խաղաղության պայմանագիր. Փաշինյան