Ադրբեջանի ԱԳՆ․ «Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է»

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական հայտարարություն է տարածել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ տարվող աշխատանքների ավարտի մասին։

Ընդգծելով, որ այս փաստը Բաքվին «գոհունակություն է պատճառում»՝ ադրբեջանական կողմը կրկնել է նախկինում հնչեցված նախապայմանը՝ փոխել Հայաստանի հիմնական օրենքը։

«Մեկ անգամ ևս ընդգծում ենք Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը, ըստ որի բանակցված տեքստի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրությունում փոփոխությունների կատարումն է, որոնց նպատակը պետք է լինի Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ուղղված պահանջների վերացումը», -նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Դրանից բացի Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը հայտարարել է, որ Բաքուն շարունակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում պահանջել, այս կառույցը «հնացած և ոչ ֆունկցիոնալ» որակելով։

«Պատրաստ ենք շարունակել երկխոսությունը այս և երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը վերաբերող մյուս հարցերի վերաբերյալ», - եզրափակել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։

Այսօր ավելի վաղ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաստատել էր «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։ Ադրբեջանի ատգործնախարարն էր հայտարարել, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են, Երևանը ընդունել է բաց մնացած վերջին երկու կետերը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ՀՀ-ն պետք է փոխի Սահմանադրությունը, համագործակցի դատական պրոցեսի հետ»․ Հաջիև