Ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքով քրգործ է հարուցվել, քննչական խումբ է ուղարկվել Ղազախստան

Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի բեկորները Ղազախստանի տարածքում, 25-ը դեկտեմբերի, 2024թ․

Ղազախստանում ադրբեջանական մարդատար ինքնաթիռի կործանման փաստով քրեական գործ է հարուցվել, հաղորդում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։

Գործը հարուցվել է երկու հոդվածներով՝ անփութություն և երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու և ավելի մահ։

Գլխավոր դատախազությունում քննչական խումբ է ստեղծվել, որն ուղևորվել է Ղազախստան քննություն անցկացնելու նպատակով։

Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը վթարի է ենթարկվել այսօր առավոտյան Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառն ինքնաթիռի բախումն է թռչունների երամին։

Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տվյալներով՝ 28 մարդ ողջ է մնացել: Դեպքի վայրում 4 դիակ է հայտնաբերվել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դադարեցրել է իր այցը Սանկտ Պետերբուրգ և վերադարձել Բաքու։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվից Գրոզնի թռչող մարդատար ինքնաթիռ է կործանվել