Ադրբեջանական դատարանը հրաժարվեց ազատ արձակել Ֆրանսիայի քաղաքացուն

Ադրբեջանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանի վերաքաննիչ դատարանը մերժեց Ֆրանսիայի քաղաքացի Կլերկ Տեգո Հյուգոյի՝ ազատազրկման դատավճիռը փոխելու միջնորդությունը։

Սեպտեմբերին ֆրանսիացին երեք տարվա ազատազրկման է դատապարտվել Բաքվի մետրոպոլիտենի գնացքներից մեկը նկարազարդելու համար։

Ըստ APA գործակալության` ամբաստանյալն այսօր դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, դատարանից խնդրել է կամ ներում շնորհել իրեն կամ ինչպես ընկերների դեպքում՝ դատավճիռը փոխարինել տուգանքով, ինչը դատարանը չի բավարարել։

Բաքվի մետրոպոլիտենի գնացքներից մեկը նկարազարդելու գործով բերման էին ենթարկվել նաև Նոր Զելանդիայի և Ավստրալիայի քաղաքացիներ, սակայն վերջիններս շուրջ 3 հազար 500 եվրո տուգանքի են ենթարկվել և ազատ արձակվել։

Փարիզն իր դժգոհությունն է արտահայտել Բաքվի որոշման առնչությամբ՝ այն որակելով «կամայական և բացահայտ խտրական վերաբերմունք»:

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանությունը ևս դատապարտել է Ֆրանսիայի քաղաքացու բանտարկությունն՝ ընդգծելով, որ գործով անցնող երկու այլ ամբաստանյալներ, որոնք այլ ազգի քաղաքացիներ են, նույն մեղադրանքով ոչ թե ազատազրկվել են, այլ ուղղակի տուգանվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքվում կալանավորվել է մետրոյի վագոնները նկարազարդած Ֆրանսիայի քաղաքացին Փարիզն իրավունք չունի կասկածի տակ դնելու Բաքվում Ֆրանսիայի քաղաքացու նկատմամբ վճիռը․ Հաջիզադե