Աբխազիայի նախկին նախագահը հայտնել է, որ մեկնում է Մոսկվա

Աբխազիայի նախկին նախագահ Ասլան Բժանիան, որ այս շաբաթ հրաժարական տվեց, ռուսական ՏԱՍՍ-ին ասել է, որ գտնվում է ինքնահռչակ հանրապետությունից դուրս։

«Ես հիմա Աբխազիայում չեմ, մի քանի օրով թռչում եմ Մոսկվա»,- ասել է նա։

Նոյեմբերի 19-ին Աբխազիայի խորհրդարանը քվեարկեց Ասլան Բժանիայի հրաժարականի օգտին։

  • Սուխումիում իրավիճակը կտրուկ սրվեց նոյեմբերի 15-ին՝ Ռուսաստանի հետ ներդրումների վիճահարույց պայմանագիրը վավերացնելու դեմ ցույցերի ժամանակ, որը ենթադրում է տնտեսական շատ լայն արտոնություններ ռուսաստանցի խոշոր ներդրողների համար։ Ըստ իշխանության՝ այն տնտեսական օգուտներ կբերի, ընդդիմության պնդմամբ՝ պայմանագիրն ազգային շահերի դեմ է և բոլոր առումներով արտոնյալ պայմաններ ստեղծելով ռուսական կապիտալի համար՝ կկործանի տեղական փոքր ու միջին բիզնեսները։
  • Նոյեմբերի 15-ին ցուցարարները քանդել էին կառավարական շենքերի համալիրի պարսպի մի մասը և ներխուժել խորհրդարանի շենքի հարակից տարածք, այնուհետև խորհրդարան և նախագահի նստավայր։
  • Ցույցերի ֆոնին Աբխազիայի առաջնորդ Ասլան Բժանիայի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ նախագահը որոշել է չեղարկել վիճահարույց փաստաթուղթը, սակայն ցուցարարներն այդ քայլը բավարար չեն համարել՝ շարունակելով ակցիան Բժանիայի հրաժարականի պահանջով։