Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահ Ասլան Բժանիան այսօր հայտարարել է, որ ընդդիմության հետ փոխզիջման չեն եկել, հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։
Իրավիճակն այնտեղ ուրբաթ օրվանից լարված է։ Սուխումիում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո, որոնց ժամանակ ընդդիմադիրները ներխուժել էին կառավարական շենքեր, երեկ նախագահ Բժանիան հայտարարեց, թե պատրաստ է հրաժարական տալ, երբ ցուցարարները լքեն կառավարական շենքերը։
Աբխազիայի նախագահը հայտարարությունն արել էր մայրաքաղաքից 40 կմ հեռավորության վրա գտնվող իր հայրենի Թամիշ գյուղում համախոհների հետ հանդիպմանը, ուր մեկնել էր ցույցերից հետո։ Բժանիան նաև ասել էր, թե պատրաստ է իր թեկնածությունն առաջադրել հաջորդ ընտրությունների ժամանակ։
- Աբխազիայում ներքաղաքական իրադրությունը կտրուկ սրվել է Ռուսաստանի և Աբխազիայի միջև կնքված ներդրումային համաձայնագրի պատճառով։ Ընդդիմությունը պահանջում է հրաժարվել գործարքից՝ պնդելով, որ տնտեսական օգուտներ խոստացող այդ փաստաթղթով Սուխումին Մոսկվային է հանձնում «սեփական շահերը»։
- Փաստաթղթի չեղարկման պահանջով բողոքի ցույցի մասնակիցները քանդել էին կառավարական շենքերի համալիրի պարսպի մի մասը և ներխուժել խորհրդարան, այնուհետև՝ նախագահի նստավայր։ Ցուցարարները ձվեր ու շշեր էին նետել ոստիկանների ուղղությամբ, ուժայիններն իրենց հերթին արցունքաբեր գազ էին կիրառել ակցիայի մասնակիցների դեմ, 8 մարդ վնասվածքներ էր ստացել։