Աբխազիայի խորհրդարանը քվեարկել է ինքնահռչակ պետության նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականի օգտին. 31 պատգամավորներից 28-ը կողմ, մեկը դեմ է քվեարկել, երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։
Քվեարկությունը գաղտնի էր։
Նախագահի պարտականությունները ժամանակավորապես, մինչև նոր ընտրությունները, կկատարի փոխնախագահ Բադրա Գունբան։
Սուխումիում իրավիճակը կտրուկ սրվեց նոյեմբերի 15-ին՝ Ռուսաստանի հետ ներդրումների վիճահարույց պայմանագիրը վավերացնելու դեմ ցույցերի ժամանակ, որը ենթադրում է տնտեսական շատ լայն արտոնություններ ռուսաստանցի խոշոր ներդրողների համար։ Ըստ իշխանության՝ այն տնտեսական օգուտներ կբերի, ընդդիմության պնդմամբ՝ պայմանագիրն ազգային շահերի դեմ է և բոլոր առումներով արտոնյալ պայմաններ ստեղծելով ռուսական կապիտալի համար՝ կկործանի տեղական փոքր ու միջին բիզնեսները։
Նոյեմբերի 15-ին ցուցարարները քանդել են կառավարական շենքերի համալիրի պարսպի մի մասը և ներխուժել խորհրդարանի շենքի հարակից տարածք, այնուհետև խորհրդարան և նախագահի նստավայր։ Ցուցարարները ձվեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, ուժայիններն իրենց հերթին արցունքաբեր գազ են կիրառել ակցիայի մասնակիցների դեմ։
Ցույցերի ֆոնին Աբխազիայի առաջնորդ Ասլան Բժանիայի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ նախագահը որոշել է չեղարկել վիճահարույց փաստաթուղթը, սակայն ցուցարարներն այդ քայլը բավարար չեն համարել՝ շարունակելով ակցիան Բժանիայի հրաժարականի պահանջով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աբխազիայի նախագահը խոստացել է հրաժարական տալ