Ընդդիմության կողմից հրաժարականի պահանջից հետո Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ասլան Բժանիան լքել է Սուխումին, հաղորդում է "Эхо Кавказа" -ը և "Республика" տելեգրամյան ալիքը։
Երեկ Բժանյան մերժել էր իր հրաժարականի պահանջը ընդդիմությունն էլ վերջնագիր էր ներկայացրեց, մտածելու համար էլ մեկ ժամ տվել։
«Եթե նա հրաժարական չտա, ապա գիտեք, թե ինչ ենք անելու՝ մենք կգնանք այնտեղ, որտեղ նա է», - հայտարարել էր ընդդիմության առաջնորդներից Լևան Միկաան։
Ավելի ուշ հաղորդվեց, որ Բժանիան լքել է քաղաքը։ Նրա մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ գիշերը նա ժամանել է Սուխումից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող իր ընտանեկան Տամիշ գյուղ։
Ընդդիմությունը, սակայն, հավանական է համարում, որ Բժանիան այժմ գտնվում է ռուսական զորամասի տարածքում։
«Եթե առավոտյան նախագահը կապի դուրս չգա, ապա խորհրդարանը պետք է լուծի նրա հրաժարականի հարցը», - հայտարարել է Լևան Միկաան։
Աբխազիայում ներքաղաքական իրադրությունը կտրուկ սրվել է Մոսկվայի և Սուխումիի միջև կնքված ներդրումային համաձայնագրի ֆոնին։
Ընդդիմադիրները պահանջում են հրաժարվել գործարքից, պնդելով, որ տնտեսական օգուտներ խոստացող այդ փաստաթղթով Սուխումին Մոսկվային է հանձնում «սեփական շահերը»։
Երեկ փաստաթղթի չեղարկման պահանջով բողոքի ցույցի մասնակիցները քանդել են կառավարական շենքերի համալիրի պարսպի մի մասը և ներխուժել խորհրդարանի շենքի հարակից տարածք, այնուհետև խորհրդարան և նախագահի նստավայր։ Ցուցարարները ձվեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, ուժայիններն իրենց հերթին արցունքաբեր գազ են կիրառել ակցիայի մասնակիցների դեմ։
Ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ՝ բախումների ընթացքում 8 մարդ վնասվածքներ է ստացել։ Ցույցերի ֆոնին Աբխազիայի առաջնորդ Ասլան Բժանիայի մամլո ծառայությունը հայտարարել է, որ նախագահը որոշել է չեղարկել վիճահարույց փաստաթուղթը, սակայն ցուցարարներն այդ քայլը բավարար չեն համարել՝ շարունակելով ակցիան Բժանիայի հրաժարականի պահանջով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աբխազիայում բանակցում են նախագահի հնարավոր հրաժարականի դեպքում նրան փոխարինողների շուրջ