Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Your browser doesn’t support HTML5

Կիրակի վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին այցելում հազարավոր մարդիկ` հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ի տարբերություն նախորդ տարիների, Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությունը այսօր Ցեղասպանության հուշահամալիր այցելեց վաղ առավոտյան:

Նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցում էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության ղեկավարները, բարձրաստիճան պաշտոնյաներ:

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայկական հիշատակի օրվա առիթով Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի նախօրեի ելույթին, որտեղ Օբաման խուսափել է օգտագործել «ցեղասպանություն» բառը, իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ասաց հետեւյալը. - «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ պարոն Օբաման բազմաթիվ անգամներ ինքը իր կարծիքը ասել է, եւ մինչեւ նաեւ ընտրությունը ասել է, որ եղել է ցեղասպանություն, ավելին` նա նաեւ Թուրքիայում վերահաստատել է իր դիրքորոշումը, որ չի փոխել իր կարծիքը: Մի բան փաստ է, որ [ԱՄՆ-ի] 50 նահանգներից 42-ը ընդունել են արդեն ցեղասպանությունը: Սա ժամանակի խնդիր է` ուշ թե շուտ բոլորը պետք է ընդունեն, որ եղել է ցեղասպանություն: Նախ` բոլորը ընդունում են, պարզապես բոլորը դեռ չեն արտաբերում` խոսքը սրա մասին է»:

Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Թուրքիայի կողմից ճանաչումը կլինի նաեւ հատուցման քաղաքականության հնարավորությունների ստեղծում, որովհետեւ ցեղասպանության ճանաչում` նշանակում է նաեւ հատուցել ցեղասպանության համար, եւ վերջապես մեր պահանջիտարական ձեւակերպումները պետք է իրենց քաղաքական եւ հետագա ընթացքը ունենան»:

«Այսօր Հայաստանը իրեն ավելի շատ դրսեւորում է զոհի՞, թե՞ պահանջատերի կարգավիճակում», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին դաշնակցական պատգամավորը արձագանքեց. - «Ես կարծում եմ, որ ավելի շատ պահանջատերի, որովհետեւ` ճիշտ է, որ միլիոնուկես հայրենակից ենք մենք կորցրել, ճիշտ է, որ մեր հայրենիքի մի մասն ենք կորցրել, բայց նաեւ մենք պահանջատեր ենք, որովհետեւ այսօր էլ նույն ցեղասպանության քաղաքականությունը շարունակվում է այլ մակարդակներով, եւ ոչ միայն Թուրքիայի կողմից, այլ նաեւ նրա «եղբայր» Ադրբեջանի կողմից»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Մեր կուսակցության ծրագրում եւ հիմնարար փաստաթղթերում ինչպես որ մենք գրել ենք 2007 թվականին, մեր խորին համոզմամբ` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացի տրամաբանական ավարտը Թուրքիայի կողմից այս խնդրի ճանաչումն է եւ իր հաշտեցումը իր պատմության, անցյալի սեւ էջերի հետ: Բայց մենք տեսնում ենք վերջին երկու-երեք տարիներին, որ հարցը սկսել է ավելի աշխույժ քննարկվել Թուրքիայում, եւ առաջ է եկել ազատամիտ, ավելի դեմոկրատական, ավելի բաց տարբեր խմբեր քաղաքացիների նախաձեռնող, որոնք այս հարցը սկսել են բաց քննարկել: Սա առաջին անգամն է անցնող 95 տարիների ընթացքում, եւ սա մեզ լավատեսություն է ներշնչում»:

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը նշեց. - «Ես կարծում եմ, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը, առաջին հերթին, հայ ժողովրդին կտա արդարության վերականգնում` սա կարեւոր խնդիրներից մեկն է: Երկրորդը` մեզ համար սա նաեւ խիստ կարեւոր նշանակություն ունի դեպի ապագան առաջ գնալու համար: Եվս մեկ կարեւորագույն խնդիր, որ մենք նաեւ բարձրաձայնում ենք մշտապես, ցեղասպանության ճանաչումը անհրաժեշտ է եւ այլ ցեղասպանություններ կանխարգելելու համար: Դրանից բացի, պայքարը ցեղասպանության ճանաչման համար եւս մեկ կարեւոր խնդիր է մեզ համար, որպեսզի լինենք ավելի ուժեղ, ավելի հզոր»:

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով` միջազգային հանրությունը վաղուց է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ պետք է ընդամենը այդ ամենի քաղաքական վերահաստատումը:

«Առաջին հերթին, ես կարծում եմ, որ այդ քաղաքական ճանաչումը, վերահաստատումը, որը տեղի պետք է ունենա մինչեւ Մեծ եղեռնի եւ հայրենազրկման 100-ամյակի տարելիցը, պիտի ենթադրի ոչ միայն բարոյական հետեւանքներ, այլ Հայոց մեծ եղեռնը, մեր հայրենազրկումը պետք է մտնի միջազգային հանրության, Թուրքիայի Հանրապետության դասագրքերում, եւ նաեւ հետեւանքների վերացմանն ուղղված բովանդակային քայլեր պիտի լինեն», - ասաց Հովհաննիսյանը:

Օրվա երկրորդ կեսին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին նաեւ Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչները` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը պատասխանեց. - «21 երկիր ճանաչել է, բայց եթե մենք հետեւողական մեր ամբողջ էներգիան տանք հաջորդ 21-ի ճանաչելուն, այս երկրում մարդ չի մնա: Այսինքն, ակտուալը, այսօրվա պրոբլեմը գերադասելը մեզ համար գերխնդիր է, գերակա պրոբլեմ ունենք մենք այսօր»:

«Ամենեւին որեւէ նշույլ անգամ հանկարծ չզգացվի իմ ելույթից, թե չեմ ուզում այսօր այսպես լինի, այսպես բազմամարդ լինի` այսպես պե'տք է լինի: Բայց ես կրկնում եմ` այս էներգիայի մի մասը գոնե, ակտիվ մասը, ես գտնում եմ, հարկավոր է ուղղել այս ժողովրդի այստեղ ապրելու իրավունքը պահպանելուն, արտագաղթը կանգնեցնելուն: Սա մեզ համար այսօր ավելի լուրջ պրոբլեմ է` թող այս անգամ ինձնից նեղանան, քան անգամ այսօրվա հիշատակը: Կենդանի մարդուն պահելը շատ ավելի կարեւոր է, քան մահացածի հիշատակը պահելը. մահացածի հիշատակը անշուշտ պետք է պահել», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը:

Your browser doesn’t support HTML5

Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին