ԱՄՀ-ի ներկայացուցիչը հարկային բարեփոխումները բավարար չի համարում

ԱՄՀ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գիերմո Տոլոսա

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան պատվիրակության ղեկավար Գիյերմո Տոլոսան կարծում է, որ Հայաստանում հարկային դաշտը բարենպաստ չէ բիզնես միջավայրի համար, չնայած Հայաստանում իրականացվող հարկային վարչարարության բարեփոխումներին:

«Ձեռնարկվում են որոշակի դրական քայլեր այդ ուղղությամբ, սակայն բարենպաստ հարկային դաշտ ստեղծելու համար դա բավարար չէ: Հայաստանում շատ ցածր է հարկահավաքման մակարդակը, տնտեսության մեջ հարկերի մասնաբաժինը 2010 թվականին նույնքան ցածր էր, որքան 2009-ին: Դժբախտաբար, այս բացթողման առումով մենք որեւէ ճիշտ քայլ չենք նկատում», - ասաց Տոլոսան ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

ԱՄՀ-ի ներկայացուցչի խոսքով` հարկեր-ՀՆԱ ներքին հարաբերակցության գործակցով Հայաստանը նախկին խորհրդային երկրներից վերջն տեղերն է զբաղեցնում, վիճակը ավելի է վատ է միայն Տաջիկստանում:

Հայաստանի իշխանավորները տարբեր առիթներով հայտարարել են, թե 2011 թվականին ակնկալվում է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշի բարելավում, եւ այն պետք է կազմի 17 տոկոս` կառավարության իրականացրած հարկային վարչարարության բարելավման միջոցառումների շնորհիվ:

ԱՄՀ-ի ներկայացուցիչը նշում է, թե որոշակի աշխատանքներ են տարվում բիզնես միջավայրը բարելավելու ուղղությամբ` մասնավորապես, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի լիազորություններն են ավելացել: Սակայն, նրա խոսքով, հաշվի առնելով զարգացման ճանապարհին Հայաստանի տնտեսության առջեւ ծառացած մարտահրավերները, համակարգային դժվարությունները եւ աշխարհաքաղաքական անորոշությունները, միջնաժամկետ հատվածում աճ ապահովելու համար կենսական նշանակություն ունի այն հանգամանքը, որ բիզնես միջավայրը ներկայից անհամեմատ նպաստավոր լինի:

Ըստ Տոլոսայի` անցած տարվա հարկահավաքման մակարդակը չի ավելացել, իսկ սա նշանակում է, որ ստվերային տնտեսությունը Հայաստանում առնվազն չի նվազել:

Անդրադառնալով գնաճը մեղմելու կառավարության ջանքերին` Տոլոսան ասաց, թե Կենտրոնական բանկը ճիշտ է արձագանքում իրավիճակին` բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, նաեւ շարունակում է բյուջետային պակասուրդի նվազումը, ինչը թույլ է տալիս հավատալ, որ արդեն 2012 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում կհաջողվի գնաճի մակարդակը հասցնել այս տարվա պետական բյուջեով նախատեսված ցուցանիշին` 4±1.5 տոկոս: Միաժամանակ ԱՄՀ-ի ներկայացուցիչը խոստովանեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը խոչընդոտում է բիզնես միջավայրի աշխուժացմանը եւ քննադատեց կառավարության ընդունած օրենսդրական փոփոխությունը, որը նախատեսում է մանրածախ գների վերին շեմի սահմանում մեկ ամսվա ընթացքում առաջին անհրաժեշտության պարենային որոշ ապրանքների 30 եւ ավելի տոկոս գնաճի դեպքում:

«Մենք կարծում ենք, որ նման քայլը կարող է հանգեցնել ապրանքների դեֆիցիտի, մաքսանենգ ներկրման, լրացուցիչ բեռ առաջացնել բյուջեի համար եւ աղճատել շուկան: Գները վերահսկելու վարչական մոտեցումը արդյունավետ չէ, եւ մենք դրան չենք աջակցում», - ասաց նա:

Արժույթի շուկայում վերջին օրերին դրամի արժեզրկման միտումների առնչությամբ Տոլոսան ասաց, թե Կենտրոնական բանկը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի քաղաքականությանը, ապա հայտարարեց. - «Մենք շարունակում ենք համարել, որ առանձին դեպքերում տարադրամային որոշ միջամտություններ արդարացված են, սակայն այդ միջամտության չափը պետք է համահունչ լինի շուկայի հիմնարար միտումներին»:

ԱՄՀ-ը, հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտի ծավալների վերականգման միտումները, Հայաստանի համար այս տարի կանխատեսել է 4.6 տոկոս տնտեսական աճ: Հաջորդ տարվանից, ըստ այս կառույցի, տնտեսական աճի տեմպերի դանդաղում կնկատվի:

Your browser doesn’t support HTML5

ԱՄՀ-ի ներկայացուցիչը հարկային բարեփոխումները բավարար չի համարում