Ապրիլի 13-ի մամուլ

«Ժամանակ»-ը գրում է. - «Ակնհայտ փաստ է, որ 2008 թվականի շատ գրագետ քաղաքական նախընտրական արշավի, եւ հետընտրական գրագետ մարտավարության շնորհիվ Լեւոն Տեր-Պետրոսյանը ստեղծել էր այնպիսի իրավիճակ, որում իշխանությանն այլ բան չէր մնում սեփական ծրագրերը իրականացնելու համար, քան ուժի կիրառումը: Հետեւաբար, Սերժ Սարգսյանին մարտի 1-ը տվյալ պահին ձեռնտու էր այնքան, որքան նրան ձեռնտու էր նախագահ դառնալը: Եթե նրան պետք էր նախագահ դառնալ, կամ եթե նա նույնիսկ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով հարկադրված էր նախագահ դառնալ, ուրեմն նրան պետք էր նաեւ մարտի 1-ի գնալ: Մարտի 1-ի մասով հասկանալի է այդ ժամանակ նախագահ, Սահմանադրության երաշխավոր եւ բանակի Գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի պատասխանատվությունը: Բայց, պետք չէ մոռացության տալ այդ ժամանակահատվածի հայաստանյան իրողությունները»:

«Ես հարգում եմ մեր ժողովրդի նաեւ այն հատվածի մղումները, որը մասնակցում է ՀԱԿ-ի հանրահավաքներին, բայց միայն հումորով կարող եմ վերաբերվել այդ հանրահավաքներում մտքեր հնչեցնող գաղափարախոսներին: Նրանք փորձում են քաղաքական հնարքներով ինչ-որ շարժ ստեղծել եւ այդ ամենը ներկայացնել այնպես, իբր ժողովրդի պատվերն են կատարում ու հասարակությունն իրենց աջակցում է: Արդեն երեք տարի է` անընդհատ նույն բանն են կրկնում: Աղաղակում են իշխանության հետ երկխոսության մասին, բայց բազմիցս մեր ստեղծած հնարավորությանը, հրավերներին չեն արձագանքել: Հիմա էլ ասում են` այս կետերը պիտի կատարեք, որ գանք երկխոսության, բայց անգամ իրենց հանրահավաքի մասնակիցներին չեն ներկայացնում, թե ինչի շուրջ պիտի երկխոսեն», - «Հայոց Աշխարհ»-ին ասել է Ազգային ժողովի պատգամավոր Գալուստ Սահակյանը (ՀՀԿ):

«Երկիր»-ը գրում է. - «Իր վերջին ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ երբ խոսում են երրորդ ուժի ստեղծման մասին, ակամա հաստատում են, որ այսօր Հայաստանում կա երկու ուժ` իշխանությունը եւ Հայ ազգային կոնգրեսը: Քաղաքական օրակարգի ձեւավորման իմաստով այս պնդումն իսկապես տեղին է: Սակայն մի կողմից այն ակնհայտ մերժողական դրսեւորում է դաշտում գործող մյուս ուժերի նկատմամբ, մյուս կողմից` նման հարաբերակցությունը ընդամենը մեկ երկընտրանքի հնարավորություն է տալիս: Իսկ երբ նկատի ենք առնում, որ այդ միակ երկընտրանքն ապահովող ուժերը հատկապես արտաքին քաղաքական խնդիրների, կառավարման մեթոդների հետ կապված ունեն գրեթե նույնական դիրքորոշումներ, ընտրանքի լիարժեքության մասին խոսելն անգամ ավելորդ է դառնում: Տեր-Պետրոսյանի այս բանաձեւը կենսունակ է միայն իշխանության համար մղվող անզիջում պայքարի տեսանկյունից: Իշխանությունը եւ ՀԱԿ-ը, կամա թե ակամա, հանրությանը առաջարկում են ընտրություն կատարել վատի եւ վատագույնի միջեւ: Թե կողմերից որն է վատը կամ վատագույնը, «սիմպատիաների» հարց է: Փաստն այն է, որ ո'չ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ո'չ էլ Սերժ Սարգսյանը համազգային եւ համաժողովրդական լիդերներ չեն, ու ըստ էության, որքան էլ հակադրվեն, քաղաքական իմաստով, մեկի գոյությունը պայմանավորում է մյուսի գոյությունը»:

«Կապիտալ»-ի թղթակիցը Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանին հարցնում է. - «Երրորդ ուժ ստեղծելու անհրաժեշտություն կա՞»։ Պատասխան. - «Կարծում եմ՝ Հայաստանին նախ անհրաժեշտ է ձեւավորել առաջին ուժ։ Ցավոք, Հայաստանում բազմակուսակցական համակարգ այդպես էլ չկայացավ, ավելին՝ անցած երեք տարիների ընթացքում այն վերջնականապես ջախջախվեց։ Իսկապես, Հայաստանին անհրաժեշտ են նոր քաղաքական ուժեր, որոնք իրենց հատկանիշներով, սկզբունքներով եւ արժեքներով կհամապատասխանեն 21-րդ դարի պահանջներին եւ չեն կապկի խորհրդային կոմունիստական կուսակցությանը, երբ կուսակցությունը դառնում է պարզապես ձեւ եւ միջոց։ Երրորդ ուժի մասին խոսակցությունները ձեռնտու են իշխանություններին եւ ընդդիմության մի հատվածին, որոնք իրենց համարում են առաջին եւ երկրորդ ուժեր եւ խոսում են երրորդ ուժի մասին՝ քննարկումից հանելով իրենց խնդիրը։ Իհարկե, դրա մասին խոսում են նաեւ տարբեր արտախորհրդարանական կուսակցությունները, որոնք էլ «խորամանկություն» են ուզում բանեցնել եւ հակասության մեջ չմտնելով ո'չ իշխանության, ո'չ էլ ՀԱԿ-ի հետ` իրենց տեղն ապահովել արեւի տակ»։

«Հրապարակ»-ի թղթակիցը պատգամավոր Ռուբեն Գեւորգյանին («Բարգավաճ Հայաստան») հարցնում է. - «Դուք ասում եք, թե քաղաքական դաշտի չարիքն այն է, որ ԱԺ-ում չեղող ուժերը փորձում են իշխանության գալ, իսկ ԲՀԿ-ն, որն այսօր իշխանություն է եւ կոալիցիոն հուշագիր ստորագրեց ՀՀԿ-ի հետ, որը դաշինքի պես մի բան է, այսօր ի՞նչ է անում այս պետության համար»: Պատասխան. - «Կոալիցիոն հուշագիրը դաշինքի պես մի բան չի, կոալիցիոն հուշագիրը, որը ԲՀԿ-ն ստորագրեց իր առաջնորդի գլխավորությամբ, դա, համար առաջինը՝ առավել մեծ հենարան հանդիսանալու համար էր երկրի ճակատագրողի, երկրի նախագահի համար՝ արտաքին քաղաքականության մեջ երկրին ի նպաստ քաղաքական գործունեություն ծավալելու համար: Դա է եղել հիմնական պատճառը, որ մենք գնացել ենք այդ քայլին՝ հիմնականում երկրի ու ժողովրդի տեսանկյունից լավ լինելու համար: Իսկ դա մեզ չի պարտավորեցնում երբեւիցե մոտակա ընտրություններում առանձին մասնակցելու համար»: Հարց. - «Հիմա ԲՀԿ-ն առանձի՞ն ցուցակով է գնալու ընտրության, թե՞, այնուամենայնիվ, ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ միասնական ցուցակ է լինելու»: Պատասխան. - «Բազմիցս շեշտել ենք, որ մենք մասնակցելու ենք ընտրության առանձին՝ մեր էլեկտորատին տեր կանգնելով»:

Your browser doesn’t support HTML5

Ապրիլի 13-ի մամուլ