Խախտվե՞լ է արդյոք Սահմանադրությունը Մարտի 1-ին

Youtube-ում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը պատասխանում է Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբի անդամների, տվյալ դեպքում` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի հարցերին:
Մասնավորապես, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի սահմանադրության համաձայն կարելի՞ է բանակն օգտագործել երկրի ներքին կյանքում, Միքայել Հարությունյանը ասում է` իհարկե, կարելի է, եւ պարզաբանում, որ Գերագույն գլխավոր հրամանատարը, այսինքն` երկրի նախագահը Երեւան քաղաքում արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիր էր ստորագրել, եւ իրենք գործել են այդ հրամանագրի համաձայն:

Երբ Անդրանիկ Քոչարյանը ընթերցում է Սահմանադրությունը` նշելով, որ բանակը կարելի է օգտագործել միայն 3 դեպքերում` հանրապետության վրա զինված հարձակման կամ դրա անմիջական վտանգի եւ պատերազմ հայտարարելու դեպքում, եւ այն էլ` ռազմական դրության ժամանակ, Միքայել Հարությունյանը հարցնում է, թե ինչո՞ւ են իրեն այդ հարցերը տալիս ու նշում է, որ նախագահի գործառույթը ինքը չի պատրաստվում քննարկել. - «Ես ուզում եմ հասնակալ, թե ինչո՞ւ եք այդ հարցը ինձ տալիս… Ես պաշտպանության նախարար եմ եղել, Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթը ես չե՞մ քննարկելու այստեղ»:

Անդրադառնալով youtube-ում հայտնված այս տեսանյութին` լուծարված Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը ասաց, թե, այո, ինքը հարցեր ուղղել է պաշտպանության նախկին նախարարին, եւ այդ, ինչպես նաեւ մյուս տեսանյութերը փոխանցվել են Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Սամվել Նիկոյանին:

Ինչ վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ին բանակի օգտագործման վերաբերյալ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետ զրույցին, ապա Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ իրենք ուղղակի փորձել են ճշտել, թե արդյո՞ք Միքայել Հարությունյանը այն ժամանակ հասկացել է, որ մասնակից է դարձել Սահմանադրության խախտման:

Փաստահավաք խմբի նախկին անդամի պնդմամբ` բանակն օգտագործվել է հետընտրական իրադարձությունների ժամանակ, այդ թվում` նաեւ արտակարգ դրությունից առաջ, ինչի մասին Փաստահավաք խումբն ունեցել է բազմաթիվ փաստեր:

«Ես հարց եմ տալիս պարոն Միքայել Հարությունյանին` գիտակցո՞ւմ էր, որ ինքը մասնակից է Սահմանադրության խախտմանը, ինքը գիտի՞, որ բանակը ներքաղաքական կյանքում օգտագործել չի կարելի: Եվ ցավալի է այն փաստը, որ նույնիսկ այնտեղ` պատասխանում, ինքը դեռ չգիտի էլ, որ բանակը չի կարելի օգտագործել: Այնտեղ պատասխանում է, որ` այո, կարելի է օգտագործել: Իսկ բանակի օգտագործումը միայն կարելի է իրավական առումով բնորոշել որպես ռազմական հեղաշրջում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Իսկ Միքայել Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ բանակը Սահմանադրությունը չի խախտել եւ կատարել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը: Ի դեպ, Հարությունյանը ասաց, թե ինքը տեղյակ չէ youtube-ում հայտնված տեսանյութից:

«Բանակը չի մասնակցել մարտի 1-ին: Բանակը մասնակցել է միայն նախագահի հրամանագրից հետո, կատարել է այն խնդիրները, ինչը դրված է եղել բանակի առջեւ», - պնդեց նախկին նախարարը` հավելելով. - «Մենք Սահմանադրությունը չենք խախտել»:

Հակադարձելով Միքայել Հարությունյանի այս պնդմանը, թե ինքը կատարել է նախագահի հրամանագիրը` Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը ընդգծեց, թե Միքայել Հարությունյանը մոռանում է, որ նախարարը զինվոր չէ, այլ կառավարության անդամ է, որը պետք է շարժվի Սահմանադրությամբ, իսկ «Սահմանադրությունը չիմանալը որեւէ մեկին չի ազատում պատասխանատվությունից»:

«Եվ կարծում եմ, որ սա ակտուալ է նաեւ այն առումով, որ հետագայում մեր զինվորականությունը, բարձրաստիճան զինվորականությունը գիտակցի, որ Հայաստանում պետք է շարժվել օրենքներով եւ Սահմանադրությամբ եւ երբեք չի կարելի թույլ տալ, որ բանակը ունենա ներքին թշնամի: Բանակը ունի միայն արտաքին թշնամի», - հավելեց Քոչարյանը:

Նա նշեց, որ Փաստահավաք խմբին այդպես էլ չհաջողվեց վերոհիշյալ հարցերի շուրջ լսել նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացատրությունները, քանի որ խումբը լուծարվեց: Պատճառը, նրա խոսքով, իշխանությունների անհանգստությունն էր, որ խմբին կհաջողվի բացահայտել Մարտի 1-ի իրադարձությունների մեղավորներին: Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ, իշխանությունները երբեք չեն գնա Մարտի 1–ի դեպքերի բացահայտմանը, քանի որ այդ դեպքում պետք է պատասխանատվության ենթարկվեն մի շարք պաշտոնատար անձինք, այդ թվում` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով խախտել է Հայաստանի սահմանադրությունը:

«Հենց իր հրամանագիրը Սահմանադրության խախտում է` չնայած Ռոբերտ Քոչարյանի մոտ դա սովորական երեւույթ է», - ասաց Փաստահավաք խմբի նախկին անդամը` շարունակելով. - «Նա մի անգամ չէ, որ խախտել է Սահմանադրությունը, բայց այս անգամ Սահմանադրությունը խախտելը միայն կարելի է բնորոշել որպես ռազմական հեղաշրջում: Ինքը բանակը ներքաշելով ներքաղաքական գործընթացներին` հսկայական վնաս հասցրեց Հայաստանի Հանրապետությանը, հսկայական վնաս հասցրեց այսօրվա մեր գործող բանակին: Մեր ժողովուրդը հսկայական զրկանքների է գնացել, որպեսզի ունենա սեփական բանակը, մութ ու ցուրտ տարիներ է տարել… Եվ Ռոբերտ Քոչարյանը որեւէ բարոյական իրավունք չուներ իր հակասահմանադրական որոշումով նաեւ թուլացնել Հայաստանի բանակը բարոյապես: Որովհետեւ դրանով ինքը Հայաստանի բանակին ներքաշեց-դարձրեց իր սեփական ժողովրդի դեմ` որպես գործիք: Իսկ բանակը մի գործառույթ ունի` դա արտաքին թշնամին է»: