«Ժառանգության» ներկայացուցչի պնդմամբ` Տեր-Պետրոսյանը եւ Սարգսյանը պայմանավորվել են անցկացնել արտահերթ ընտրություններ

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը համոզված է, որ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նախագահ Սերժ Սարգսյանը պայմանավորվել են Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնել:

Հակոբյանի կարծիքով, այդ պայմանավորվածությունը ձեռնտու է երկու կողմին էլ, բայց ոչ պետությանը:

«Որոշակի պայմանավորվածություն կա ՀԱԿ-ի եւ իշխանությունների միջեւ արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնելու մասին: Շատ շահեկան է ՀԱԿ-ի համար, որ կարողանա այս պահին արտահերթ ընտրությունների մասնակցի, եւ այդ դեպքում մոտավորապես այն քանակը, որ նախատեսվում է ՀԱԿ-ի համար, որը, իմ կարծիքով, նաեւ իշխանությունների հետ բանակցության արդյունք է, կարող է ունենալ խորհրդարանում: Ես համոզված եմ, որ եթե չլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչպես ասում են, ՀԱԿ-ից կմնա կամուֆլյաժը, որովհետեւ նույնիսկ այս կարճ ընթացքում երեւաց, որ ապրիլի 8-ի հանրահավաքին պակասեց մասնակիցների թիվը, եւ այդ տենդենցը շարունակվելու է առաջիկայում», - երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում ասաց Ռուբեն Հակոբյանը:

Նրա համոզմամբ` նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքական հաշվարկի արդյունքում կգնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների, քանի որ գիտակցում է, որ կա արտախորհրդարանական ընդդիմություն, որը լուրջ գործոն է քաղաքական կյանքում եւ որի հետ պետք է հաշվի նստել:

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա Ռուբեն Հակոբյանը չի կարծում, թե Սերժ Սարգսյանը կգնա այդ քայլին: Ըստ նրա` իշխանություն-ՀԱԿ գործարքը տեղի է ունեցել հենց արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ:

«Ուղղակի սա եւս մեկ անգամ փաստում է, որ մենք գործ ունենք սկզբունքներից բացարձակապես հրաժարված քաղաքական ուժի հետ, որը ինչ-որ մանիպուլյացիաներով փորձում է ցույց տալ, որ իր ճնշման շնորհիվ իշխանությունները կարող են գնալ ինչ-ինչ զիջումների: Զիջում չկա, կա փոխադարձ շահ», - ասաց Հակոբյանը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը նշում է, որ վատ բան չէ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը պայմանավորվում են իրար հետ, բայց Տեր-Պետրոսյանը պետք է ներողություն խնդրի [ՕԵԿ նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար] Արթուր Բաղդասարյանից, որը ի տարբերություն, Տեր-Պետրոսյանի, ավելի տղամարդկային կեցվածք որդեգրեց եւ բացահայտ գնաց իշխանությունների հետ համագործակցության:

«Արթուր Բաղդասարյանը շատ հրապարակային, առանց թաքցնելու գնաց իշխանությունների հետ երկխոսության, դարձավ դավաճան, ԱԽՔ անվանվեց, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը դա արեց 3 տարի հետո, 10 զոհից հետո», - ասաց Հակոբյանը:

Նա նաեւ հայտարարեց, թե անհրաժեշտություն է առաջացել համախմբել ընդդիմադիր դաշտը եւ հակակշռել, իր խոսքով, ներկայումս ստեղծված Սերժ Սարգսյան-Լեւոն Տեր-Պետրոսյան ալյանսը: Հակոբյանի խոսքով` այդ նպատակով «Ժառանգություն»-ը մոտ մեկ ամիս բանակցությունների մեջ է քաղաքական ուժերի հետ` ընդդիմադիր նոր միավորում ստեղծելու նպատակով: Նա հրաժարվեց ասել, թե կոնկրետ որ ուժերի մասին է խոսքը, շեշտելով, թե եթե անուններ տա, ապա կխոչընդոտի այդ գործընթացին:

«Ժառանգության» փոխնախագահը նաեւ արձագանքեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ապրիլի 8-ի հանրահավաքում հնչեցրած այն մտքին, թե որոշ ուժեր փորձում են խոչընդոտել իշխանության հետ իրենց երկխոսությանը:

Հակոբյանի խոսքով` դա ցինիզմի բացառիկ դրսեւորում էր, որովհետեւ բոլորն էլ շատ լավ հիշում էին, թե ինչպես էին Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ-ը քաղաքական տեռորի ենթարկում այն ուժերին, ովքեր չէին պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, ովքեր ավազակապետություն չէին կոչում իշխանություններին, նրանց մոնղոլ-թաթարներ չէին անվանում: Ավելին` քաղաքական այն ուժերին, որոնք տարբեր ձեւաչափերով հանդիպում էին Սերժ Սարգսյանի հետ, համարում էին կեղծ ընդդիմություն, դհոլներ, ախքեր եւ այլն: Մինչդեռ, Հակոբյանի խոսքով, հիմա Տեր-Պետրոսյանը հրապարակավ մեղադրում է քաղաքական որոշ ուժերի` Սերժ Սարգսյանի հետ իր երկխոսությանը խանգարելու համար:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ՀԱԿ-ը ինչպես է գնահատում «Ժառանգության» փոխնախագահի հայտարարությունները, ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանն պատասխանեց. - «Մեր քննադատության թիրախը իշխանությունն է, մեր բանավեճը, մեր պայքարը, եթե կուզեք, առճակատումը, իշխանությունների հետ է: Իշխանական կոալիցիայից դուրս որեւէ քաղաքական ուժի հետ մենք բանավեճի մեջ չենք ներքաշվելու: Եվ իրենց ընդդիմադիր հորջորջող բոլոր ուժերին նույն խորհուրդը կտայինք»:

Your browser doesn’t support HTML5

«Ժառանգության» ներկայացուցչի պնդմամբ` Տեր-Պետրոսյանը եւ Սարգսյանը պայմանավորվել են անցկացնել արտահեր