Կարմիր Խաչի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին եւ պատանդներին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները երեկ այցելել են Ադրբեջանում պահվող երեք հայ զինծառայողներին եւ մեկ ընտանիքի անդամ հինգ քաղաքացիական անձանց:

Ինչպես «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել է ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի տեղեկատվական բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան, գրասենյակի աշխատակիցները այցելության ժամանակ հետաքրքրվել են հայ գերիների ու պատանդների առողջական վիճակով եւ պայմաններով:

Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ եւ մասնակցությամբ մարտի 5-ին Սոչիում կայացած հանդիպման արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը:

Մարտի 17-ին հայկական կողմը Ադրբեջանին հանձնեց Լեռնային Ղարաբաղում գերի վերցված ադրբեջանական բանակի սպա Անվար Հաջիեւին, իսկ Ադրբեջանը հայկական կողմին հանձնեց Տավուշի շրջանի Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանին: