«Կոնվերս» բանկի կողոպուտի փորձի առնչությամբ քրեական գործ է հարուցվել

«Կոնվերս» բանկի Նոր Նորքի մասնաճյուղում երեքշաբթի տեղի ունեցած հարձակման փաստի առիթով հարուցվել է քրեական գործ ավազակության հոդվածի հատկանիշներով` ավազակություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով:

Հարձակումն իրականացրել էր այդ նույն բանկում հերթապահություն իրականացնող ոստիկանական խմբի ղեկավարը` կապիտան Արթուր Հակոբյանը, ով հրազենի գործադրմամբ փորձել էր ներխուժել բանկ: Մասնաճյուղում հերթապահություն իրականացնող սերժանտ Միքայել Հովսեփյանը կրակել էր նրա վրա, նախ ոտքին, ապա որովայնին` այդպիսով կասեցնելով հարձակումը:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նորանշանակ պետ Աշոտ Կարապետյանը, ով երեկ եղել էր դեպքի վայրում, «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում տեղեկացրեց, որ հարձակումն իրականացրած անձը այժմ ոստիկանների խիստ հսկողության տակ է, քանի որ մտավախություն ունեն նրա` ինքնասպանության փորձ կատարելու մտադրության վերաբերյալ:

Աշոտ Կարապետյանի փոխանցմամբ` Արթուր Հակոբյանի վիճակը ծանր է, նա մերթ ընդ մերթ գիտակցության է գալիս եւ առայժմ չի կարող ցուցմունքներ տալ:

«Առողջական խնդիրներից ելնելով` հնարավոր չէ նրան այս պահին ձերբակալել եւ տեղափոխել ձերբակալման համապատասխան վայր», - ասաց Կարապետյանը` հավելելով, որ Հակոբյանը անպայման կձերբակալվի, քանի որ առանձնապես ծանր հանցագործությունների շարքին դասվող հանցանք է կատարել:

Հարցազրույցում քրեական հետախուզության գլխավոր վարչության նորանշանակ պետը անդրադառնում է նաեւ այդ պաշտոնում իրեն նախորդած Հովհաննես Թամամյանի նկատմամբ հարուցված քրեական գործին եւ այլ թեմաների: