Նշվեց օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի 60-ամյա հոբելյանը

Գեղամ Գրիգորյան

Ալեքսանդրի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում չորեքշաբթի օրը մեծ հանդիսավորությամբ նշվեց օպերային երգարվեստի հայ լավագույն ներկայացուցիչներից մեկի` Գեղամ Գրիգորյանի 60-ամյա հոբելյանը:

Թեեւ Գրիգորյանի հոբելյանը լրացել էր դեռ հունվարի 29-ին, սակայն Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն ասաց, որ նրա ծննդյան 60-ամյակի եւ ստեղծագործական գործունեության 40-ամյա հոբելյանական հանդիսությունը այսօր է տեղի ունենում, քանի որ պետք էր դրան «նախապատրաստվել, ծրագիր պատրաստել»:

Համերգին մասնակցում էին Օպերային թատրոնի մենակատարները, հյուրեր Վրաստանից, նրա լավագույն ուսանողներից մի քանիսը, ինչպես նաեւ օպերային երգչի դուստրը, ով ժամանել է Լիտվայից:

Գեղամ Գրիգորյանը մինչեւ 2008 թվականը Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր` շուրջ 9 տարի գլխավորելով թատրոնը: 2007-ի դեկտեմբերին նա անսպասելիորեն հրաժարական տվեց եւ 2008 թվականից ի վեր թատրոնն այլեւս գեղարվեստական ղեկավար չունի (փոխվել է Oպերային թատրոնի կառավարման ձեւը):

Գրիգորյանը որպես օպերային երգիչ հանդես է եկել ոչ միայն Հայատանում, այլեւ նախկին խորհրդային երկրներում եւ արտասահմանյան հեղինակավոր բեմերում` կատարելով գլխավոր դերերգեր ավելի 5 տասնյակ օպերային ներկայացումներում: Իր խաղացանկում ուներ մի քանի 100 օպերային դերեր եւ համագործակցում էր աշխարհի անվանի օպերային երգիչների եւ դիրիժորների հետ:

«Այժմ Գեղամ Գրիգորյանը դասավանդում է Կոնսերվատորիայում, աշխատում է մեր թատրոնում: Նա ռեժիսոր է, ունի 5 ներկայացում, եւ այս տարվանից աշխատում է որպես վոկալի դասուսուցույց», - տեղեկացրեց Կամո Հովհաննիսյանը: