Իսրայելական բանակը գիշերը վերսկսել է ավիահարվածները Գազայի ուղղությամբ, հաղորդվում է հարյուրավոր զոհերի մասին։ Ընդգծելով, որ հրադադարի երկարաձգման բանակցություններում առաջընթաց չկա՝ Իսրայելի վարչապետը հրամայել է թիրախավորել «Համաս»-ի թիրախները։ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնն էլ հայտարարել՝ Իսրայելը կանգ չի առնի, քանի դեռ բոլոր պատանդները չեն վերադարձել տուն։
«Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարձակումներ են իրականացրել Գազայում «Համաս»-ի թիրախների վրա։ Մենք չենք գթա մեր թշնամիներին։ Շատ պարզ ասեմ. Իսրայելը կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ մեր բոլոր պատանդները չեն վերադարձել տուն։ Մենք շատ պարզ ասում ենք ՄԱԿ Անվտանգության խորհրդին, որ եթե նրանք ցանկանում են դադարեցնել պատերազմը Գազայում, ապա պետք է ապահովեն, որ պատանդները վերադառնան Իսրայել», - նշել է դեսպանը։
Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորումն, իր հերթին, հայտարարել է, որ Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումը հարվածի տակ է դնում Գազայում դեռևս պահվող 59 գերիների ճակատագիրը։
Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել մի քանի վայրերում, այդ թվում՝ Գազայի հյուսիսում, Գազա քաղաքում և Դեյր ալ-Բալահում, Խան Յունիսում և Ռաֆահում Գազայի հատվածի կենտրոնական և հարավային հատվածներում: Պաղեստինի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ զոհերից շատերը երեխաներ են:

Փլատակների տակից դեռևս մարդկանց մարմիններ են հայտնաբերվում, հիվանդանոցներում չի դադարում վիրավոր քաղաքացիների հոսքը, դրսում, հիվանդանոցներում սպիտակ կտորով փաթաթված բազմաթիվ մարմիններ են։
«Գազայի հատվածի շրջաններում կոտորած է իրականացվել։ Ավելի քան 200 զոհ է բերվել հիվանդանոց, հարյուրավոր վիրավորներ ծանր վնասվածքներ են ստացել, այդ թվում՝ կոտրվածքներ, այրվածքներ, գլխի շրջանում վնասվածքներ, որոնք պահանջում են անհապաղ վիրաբուժական միջամտություն», - ասում է Գազայի հիվանդանոցի տնօրենը։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկը հայտարարել է՝ «Իսրայելը պետք է անհապաղ և ամբողջությամբ դադարեցնի բնակավայրերի դեմ բոլոր գործողությունները, դադարեցնի պաղեստինցիների բռնի տեղափոխումը»։
Իսրայելից պնդում են՝ պայքարում են «Համաս»-ի դեմ, այլ ոչ Պաղեստինի խաղաղ բնակչության։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Համաս»-ը կոչ է անում անհապաղ բանակցություններ սկսել Գազայում հրադադարի երկրորդ փուլի շուրջՄարտերը վերսկսվել են նախորդ հրադադարի պայմանավորվածությունից երկու ամիս անց։ Հունվարի 15-ին ձեռք բերված համաձայնագրի շրջանակում «Համաս»-ն առաջին փուլով վերադարձրել է ավելի քան 30 իսրայելցի պատանդների՝ իսրայելական բանտերից մոտ 2 հազար պաղեստինցիների ազատ արձակման դիմաց։ Զինադադարի առաջին փուլն ավարտվել է երկու շաբաթ առաջ։ Շաբաթ օրը Իսրայելն ու «Համաս»-ն ակնարկել էին, որ պատրաստվում են հրադադարի շուրջ բանակցությունների հաջորդ փուլին:
Մարտի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր ոչնչացնել «Համաս» խմբավորմանը, եթե վերջինս անհապաղ չվերադարձնի իսրայելցի պատանդներին և չհանձնի մահացածների մարմինները։