1994-ից ի վեր բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյան

1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել:

«Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) և հետևաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին», - գրել է գործադիրի ղեկավարը:

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն է իշխանություններին մեղադրել արտաքին և տարածաշրջանային քաղաքականության նախորդ տարիների ձախողումների հետևանքները ոչ միայն չհաղթահարելու, այլև խորացնելու համար՝ շեշտելով՝ 2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումն Ադրբեջանի հետ բանակցություններում խորհրդանշում է վտանգավոր և կրկնվող սխալը։ Խաղաղության մասին նրա հռետորաբանությունը, թեև տեսականորեն գովելի է, տարվա ընթացքում ուղեկցվեց միակողմանի զիջումների շարքով, որը ավելի է ոգևորել Բաքվին և թուլացրել Հայաստանի դիրքերը։ Յուրաքանչյուր նոր զիջում թերևս խորացնում է Ադրբեջանի պահանջներն ու սպառնալիքները՝ մեզ ավելի հեռացնելով արդար խաղաղությունից։ Այս ընթացքը երկիրը թողել է խոցելի, հուսախաբ և Փաշինյանի խոստումներից գրեթե ձեռնունայն», - նշել է Օսկանյանը։

Ընդգծելով «Փաշինյանի դիվանագիտական և ռազմաքաղաքական գիտելիքների պակասը, ռազմավարության բացակայությունն ու իռացիոնալ հաջորդական որոշումները», «ժողովրդավարական հետընթացը, կյանքի թանկացումը, լճացած աշխատավարձերն, արտաքին պարտքի աճն, օտարերկրյա ներդրումների պակասը, կոռուպցիան, հասարակության պառակտված լինելը»՝ Օսկանյանը նշել է՝ «կառավարության փոփոխության անհրաժեշտությունը երբեք այսքան ակնհայտ չի եղել»։

Նախկին արտգործնախարարի խոսքով՝ առաջիկա ամիսները երկրի համար պետք է լինեն ինքնաքննադատության և հնարավորի վերաիմաստավորման ժամանակահատված։

«Խաղադրույքները երբեք այսքան բարձր չեն եղել։ Պահի հրամայականը աշխարհում Հայաստանի դերի ու անելիքների մասին հստակ տեսլական ունեցող ղեկավարություն ձևավորելն է, որն առաջնահերթություն կտա ազգային միասնությանը, իրական բարեփոխումներին և ժողովրդավարական սկզբունքներին նորոգված հավատարմությանը։ Հայաստանը կարևոր ջրբաժանում է, և առաջիկա կարճ ժամանակահատվածում կայացված որոշումներն են, որ սահմանելու են հաջորդ տասնամյակներում նրա հետագիծը», - եզրափակել է Օսկանյանը։