Անհավասար պայմանների, ոռոգման ջուրը վատնելու մեղադրանքներ. Ախուրյանի ՀԷԿ-ը շահագործող ընկերությունների միջև կռիվ է ընկել

Ախուրյան գետի վրա ՀԷԿ-ը շահագործող ընկերությունների միջև կռիվ է ընկել. երեք ՀԷԿ-երը չորրորդին տևական ժամանակ է՝ մեղադրում են անհավասար պայմանների, տարեկան մինչև 400 միլիոն դրամի ոռոգման ջուր վատնելու մեջ։ Ասում են՝ գետի ջուրը ջրանցքով հիմնականում դեպի «Ջրաձոր ՀԷԿ» է գնում ու իրենց ջուր գրեթե չի հասնում:

«Լայթեքո», «Էրստեդ» և «Ֆենհալ» ընկերությունների տնօրենները վարչապետին ու իրավապահներին ուղղված իրենց բողոքում նաև պնդել են, որ «Ջրաձոր ՀԷԿ»-ը շահագործող ընկերությանը պետության կողմից օտարված «Աջափնյա» ջրանցքը, որով էլ ջուրը գնում է դեպի ՀԷԿ, Ջրային օրենսգրքի համաձայն օտարման ենթակա չի եղել։

Երեք ընկերությունների փաստաբան Արտակ Մովսիսյանը նաև ասում է՝ Ջրային օրենսգրքից բացի նաև Հողային օրենսգիրքն է խախտվել։ Ջրային նշանակության հողատարածքների օտարումն արգելված է։ Գուցե հողի նշանակությո՞ւնն է փոփոխվել, նոր օտարվել, հարցին ի պատասխան փաստաբանը սեփականաշնորհման վկայականներն է մատնացույց անում։

Կառավարության որոշմամբ՝ «Աջափնյա» ջրանցքը 2017 թվականին է օտարվել «Անի» ԲԲԸ-ին՝ 23 միլիոն դրամով։ Նույն այդ որոշմամբ՝ ընկերությունը պարտավորվել է 15 տարվա ընթացքում 540 միլիոն դրամի ներդրում անել։

ՀԷԿ-ի սեփականատիրոջ որդին՝ Մեսրոպ Մանուկյանը, ով նաև ընկերության ֆինանսական տնօրենն է, հակադարձում է. - «Եղել է մի քանի դատական ակտ, որտեղ չի արձանագրվել, որ «Անի» ԲԲԸ-ին էդ կառավարության որոշումը եղել է ապօրինի»:

Գույքը թեև որպես սեփականություն ընկերությանն է պատկանում, բայց ո՛չ կարող են վաճառել, ո՛չ գրավ դնել։ Մանուկյանը պնդում է, որ օտարման օրինական լինելու դատական ակտ ունեն, իսկ մյուս ՀԷԿ-ների մեղադրանքները անհիմն ու մերկապարանոց համարում։

Երեք ընկերությունների փաստաբանը ցույց տվեց ջրօգտագործման փաստաթուղթը, նաև օրենքի փոփոխությունը, որով երկարաձգվել է թույլտվությունը։

Ինչ վերաբերում է 23 մլն դրամով գույքի օտարմանը, Մեսրոպ Մանուկյանն ասում է՝ գույքն առհասարակ 0 դրամով պետք է օտարվեր, քանի որ իրենք 540 մլն դրամի ներդրման պարտավորություն ունեն 15 տարվա ընթացքում։

Մինչ այս պահն, ասում է, մոտ 120-130 մլն դրամի ներդրում են արել։ Դատարանը հիմա արգելանք է դրել ու ներդրում անել չեն կարող։

Իսկ մրցակից ՀԷԿ-երը կարծում են, որ ոչ թե գույքի օտարման արժեքը պետք է վիճարկվի, այլ գույքը պետությանը վերադարձվի։

Պետական գույքի օտարման գործընթացը մեկ տարի առաջ ուսումնասիրել է նաև Պետական վերահսկողական ծառայությունը՝ 3 ընկերությունների դիմումի հիման վրա։ Մշտադիտարկման արդյունքները վարչապետին են ներկայացվել։

Օտարման շուրջ իրավական թնջուկը այսքանով չի ավարտվում։ Մեկ այլ քրեական գործ էլ կա, որով մեղադրյալ է բնապահպանության նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը։

Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.

Your browser doesn’t support HTML5

Անհավասար պայմանների, ոռոգման ջուրը վատնելու մեղադրանքներ. Ախուրյանի ՀԷԿ-ը շահագործող ընկերությունների միջև կռիվ է ընկել