Ադրբեջանը հետագայում էլ ծրագրում է շարունակել Ռուսաստանից զենքի գնումները, "Россия сегодня" գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այո, [Ադրբեջանը] պլանավորում է, բայց պետք է ասեմ, որ վերջին երեք տարիներին, համենայն դեպս, ռուսական զենքի գնման նոր պայմանագրեր չեն կնքվել», - ասել է պետության ղեկավարը։
Ալիևը նաև նշել է, թե Հայաստանը չի դիմանա Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին։
«Չնայած նրան, որ նրանք ստանում են արևմտյան զենքի մեծ մասը անվճար, կամ ապառիկ, բայց նույնիսկ այս դեպքում նրանք չեն դիմանա մեզ հետ սպառազինությունների մրցավազքին։ Նրանք պետք է հասկանան նաև, որ չնայած Մակրոնի ռեժիմի, ինչպես նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի առավելագույն աջակցությանը, այստեղ՝ երկրի վրա, եթե մեր դեմ հերթական սադրանքը ծրագրեն, ոչ ոք իրենց չի օգնի», - ասել է Ալիևը։
2022-ի վերջից Ֆրանսիան ու Հնդկաստանը դարձել են Հայաստանի հիմնական գործընկերները։ Զինված ուժերի բարեփոխման, ռազմական կրթության ու մարտական պատրաստության ոլորտում Երևանը գործակցում է նաև Վաշինգտոնի ու Աթենքի հետ։
Բաքուն հայտարարում է, թե «Հայաստանը պետք է հրաժարվի ռազմականացման քաղաքականությունից» սպառնալով՝ «դրան պետք է վերջ տրվի, քանի դեռ ուշ չէ։ Հայաստանը մեկ անգամ չէ հայտարարել, որ «մարտունակ բանակ ունենալն իր ինքնիշխան իրավունքն է»։
Հայաստանի ռազմականացման դեմ դժգոհող Բաքուն ինքն է ընդլայնում իր ռազմատեխնիկական հնարավորությունները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի վերջին հայտարարեց, թե Ադրբեջանը ռազմական արդյունաբերության ոլորտում նոր համագործակցություններ է հաստատում բազմաթիվ երկրների հետ՝ շեշտելով՝ երկրի պաշտպանունակության ամրապնդումն առաջնահերթություն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը սպառնում է «իր ողջ զինանոցով», Հայաստանն արձագանքում է՝ «մարտունակ բանակ ունենալն իր ինքնիշխան իրավունքն է»