«Սպանդանոցների թիվը բավարար է». պնդում է պետությունը, ֆերմերները հակառակն են ապացուցում

«Սպանդանոցների թիվը բավարար է», - պնդում է պետությունը, ֆերմերները հակառակն են ապացուցում՝ մորթ իրականացնելու համար անասունը մարզից մարզ պետք է տեղափոխեն:

Այս վեճը չի հանգուցալուծվել, սակայն կառավարության՝ ոչ սպանդանոցային մսեղիքն առգրավելու և այրելու որոշումն ամբողջությամբ գործում է: Օրերս Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող կետերում ստուգումները հանգեցրին ինքնահրկիզման փորձի, 8 անձ ձերբակալվեց։ 5-ին 3 օր անց ազատ են արձակել, երկուսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, հայտնեցին Քննչական կոմիտեից: Նրանից մեկն ինքնահրկիզման փորձ արած շիրակցի տղամարդու որդին է:

Ըստ Քննչական կոմիտեի՝ կատարել են խուլիգանություն, ինչպես նաև վնասել են պաշտոնատար անձի գույքը: Ավելին՝ իրավապահ մարմինը դիմել էր դատարան՝ նրանց կալանավորելու համար, բայց դատարանը մերժել է, կիրառվել վարչական հսկողություն և երկրից բացակայելու արգելք:

«Էն հիմքով, որ հիմնավոր կասկածի շեմը նախաքննական մարմինը չի հաղթահարել և հենց այս կապակցությամբ մերժեց կալանքի կիրառումը, քանի որ ամենախիստ խափանման միջոցի ձևն է», - ասաց փաստաբան Գևորգ Խաչատրյանը:

Նախաքննությունը շարունակվում է, հավելեց փաստաբան Գևորգ Խաչատրյանն ու ընդգծեց, որ նախաքննական մարմինը դեռ պետք է հիմնավորի, որ այդ մարդիկ խուլիգանություն են կատարել:

Գևորգ Խաչատրյանը կարծում է, որ այս գործը դատարան չի հասնի՝ ապացույցների պակասի պատճառով. - «Էդ կադրերում կոնկրետ այն անձինք, որոնց նկատմամբ այսօր մեղադրանք է առաջադրվել, որևէ գործողություն չեն արել, ինչը նշված է մեղադրանքի մեջ»:

Դատական նիստն անցկացվել է դռնփակ, փաստաբանը շատ մանրամասներ հայտնել չի կարող, բայց վստահեցրեց՝ Գումի շուկայում արված տեսանյութերը, որոնք Քննչական կոմիտեն դրել է մեղադրանքի մեջ, ապացուցել են ճիշտ հակառակը:

Չորս օր առաջ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառակետերում ստուգումներից հետո 1 տոննայից ավելի միս էր առգրավել՝ մորթը սպանդանոցային պայմաններում չկատարելու հիմնավորմամբ: Ոստիկանության և մսավաճառների միջև ծեծկռտուքը հենց այդ ժամանակ էր սկսվել։