Ասադի ռեժիմի տապալման «արտաքին թիվ մեկ հանգամանքը նաև այն է, որ Ռուսաստանը խրվել է Ուկրաինայում»․ փորձագետ

Ասադի ռեժիմն իսկապես սպառել է իր ռազմական ուժերն 2011-ից 2015 թվականներ ընկած ժամանակահատվածում, «Ազատության» հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքի հարցերով հայտնի փորձագետ Քութաիբա Իդլբին՝ նշելով, որ ռեժիմի սպաներից շատերը զոհվեցին ողջ երկրում իրականացվող գործողությունների ժամանակ:

«Ռեժիմը կորցրեց իր սպառազինության մեծ մասը, և նա ստիպված էր հավաքագրել լրացուցիչ մարտիկներ՝ պայքարը շարունակելու համար: 2015-2016 թվականներին, երբ Ռուսաստանը միջամտեց, նրանք ստեղծեցին բանակի նոր դաս, որը օգտագործվել է միայն ռուսական օդուժի աջակցությամբ մղվող մարտերում: Այսպիսով, երբ ապստամբները հարձակվեցին ռուսական օդուժի բացակայության պայմաններում, ողջ առաջնագիծը փլուզվեց, ինչը հանգեցրեց զինված ուժերի փլուզման և Ասադի փախուստի»,- ասաց փորձագետը։

Դեկտեմբերի 8-ի գիշերը սիրիական թուրքամետ ապստամբ զինյալները մտան Դամասկոս, հայտարարեցին 24 տարվա ղեկավար Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալման մասին։ Ասադը լքեց Սիրիան։ Այժմ նա գտնվում է Մոսկվայում։

Խոսելով Ասադի ռեժիմի տապալման արտաքին գործոններից Իդլբին այստեղ երկու գործոն կարևորեց։

«Երբ խոսքը վերաբերում է Իրանի աջակցությանը, Իսրայելը շատ արդյունավետ է եղել այնպիսի միջոցների իրականացման հարցում, որոնք թույլ չէին տալիս Իրանին որևէ նյութական աջակցություն տրամադրել Ասադի ռեժիմին և «Հեզբոլլահ»-ին: Լիբանանում պատերազմի սկզբից Իսրայելը թույլ չի տվել, որ Իրանի որևէ ինքնաթիռ վայրէջք կատարի Սիրիայում կամ Լիբանանում։ Ամերիկյան ճնշման միջոցով դադարեցվել է սահմանակից Իրաքի աջակցությունը Սիրիային։ Այսպիսով, ռեժիմը Լիբանանի հետ պատերազմից հետո մնաց առանց Իրանի որևէ խոշոր ռազմական աջակցության, որ կարող էր օգտակար լինել», - ասաց փորձագետը՝ շարունակելով․ - «Ինչ վերաբերում է Ռուսաստանին, որը շատ կարևոր գործոն էր, կարծում եմ, որ Ռուսաստանը ակնհայտորեն խրվել է ուկրաինական պատերազմում։ Մենք տեսել ենք, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Ուկրաինայում զոհված ռուս սպաների մեծամասնությունն իրականում այն սպաներն էին, որոնք ղեկավարում էին ռազմական գործողությունները Սիրիայում 2015 թվականից ի վեր: Այսպիսով, պարզ է, որ սպաների այս դասը տեղափոխվել է Ուկրաինա: Կարծում եմ՝ երբ Սիրիայի զինված ուժերը արագորեն փլուզվում էին, Ռուսաստանն իրականում չուներ այն ուժը, որի միջոցով կարող էր ղեկավարել իր օդային գործողությունները Սիրիայում»։

Քութաիբա Իդլբիի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․