«Ազատությունն» այսօր զրուցել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը Բաքվին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից. արձագանքներ«Ազատություն». - Չհամաձայնեցված մի դետալի մասին Բաքուն ուզում է, որ Երևանը դուրս բերի Եվրոպական միության դիտորդներին, ընդունելի՞ է վարչապետի առաջարկը՝ որտեղ սահմանագծումն ավարտվել է, թող այնտեղից հետ քաշվեն դիտորդները:
Սարգսյան. - Ես կարծում եմ, որ վարչապետն էդ առաջարկ արել է հակաարգումենտ բերելու առումով: Այսինքն, վարչապետը համոզված է, որ Ադրբեջանը հակված չի սահմանազատման գործընթացը շարունակել, որովհետև եթե հաջորդ սահմանազատումը գան, ասենք Վարդենիս, Ադրբեջանը պիտի հետ քաշվի, գան Ջերմուկ, Ադրբեջանը պիտի հետ քաշվի, գնան Սյունիք Ադրբեջանը պիտի իր դիրքերից հետ քաշվի: Իսկ Ադրբեջանն էսօրվա իր քարոզչության պայմաններում, առավել ևս պատրաստ չի հետ քաշվելու, պլյուս չի ուզում հետ քաշվել: Դրա համար Նիկոլ Փաշինյանն ասում է՝ շատ լավ, ուզո՞ւմ ես հանենք, գնա Ջերմուկում զորքերդ հետ քաշի և այլևս Ջերմուկում մշտադիտարկում չեն անի, դիտորդներ կլինեն, բայց մշտադիտարկում չեն անի:
«Ազատություն». - Փոխարենը սահմանային սյուները կլինեն:
Սարգսյան. - Այո, այսինքն, փորձում է Ադրբեջանին մղել սահմանազատման գործընթացի: Որպես դիվանագիտական պատասխան, կհամարեմ, որ նորմալ պատասխան է, բայց կարծում եմ, որ վարչապետը էլ է համոզված, որ Ալիևը չի գնալու էդ քայլին և սահմանազատման գործընթացը չի շարունակելու, և կարծում եմ նաև դրա համար է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը փաստաթղթով դիմել է Եվրոմիությանը եվրոպացի դիտորդների ժամկետը երկարաձգելու և թվաքանակն ավելացնելու առումով: Սա գոյություն ունեցող փաստ է, մնացածն արդեն հռետորաբանություն է կամ բանակցային տակտիկա, որը օգտագործում է, թե՛ Հայաստանի վարչապետը, թե՛ Ադրբեջանի նախագահը:
«Ազատություն». - Պարոն Սարգսյան, եվրաքվեի ստորագրություններն արդեն հաստատել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով և հիմա նախագիծը գալու է խորհրդարան, բայց այնտեղ հանրաքվեի մասին խոսք չկա: Ասվում, որ Հայաստանն արտահայտելով ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր, հռչակում է Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկը, այսքանը միայն:
Սարգսյան. - Այո, դա ամբողջ քարոզարշավի ընթացքում մենք ասել ենք, որովհետև տեսեք, եթե մենք ասում էինք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները անցկացնեն հանրաքվեի, նա միանշանակ մերժվում էր ու մերժվում էր Սահմանադրությամբ, որովհետև մեր Սահմանադրության մեջ կետ կա, որ եթե առաջարկվող հանրաքվեն, նույնիսկ ստորագրություններով կարող է վտանգել Հայաստանի տվյալ պահի անվտանգությունը, Սահմանադրական դատարանով իրենք կարող են մերժել: Այսինքն, չի սկսել որևէ գործընթաց, որը օրենքով գոյություն ունեցող հնարավորություններով կարող են մերժել: Եվ մեր խնդիրը բացարձակ դա էլ չէր:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.