Եղեգիսի համայնքապետը չի ընդունում մեղադրանքը, ասում է՝ ինքն ամենավերջին մեղավորն է

Եղեգիսի համայնքապետ Արթուր Ստեփանյան, արխիվ

Եղեգիսի համայնքապետ Արթուր Ստեփանյանը 3 միլիոն դրամ գրավ է վճարել, որ ազատվի կալանքից։ Հիմա ազատության մեջ է, բայց առնվազն ժամանակավորապես պաշտոնից է զրկվել, նրա լիազորությունները կասեցվել են: Ստեփանյանը կոռուպցիոն մեղադրանքներով կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին: Այսօր «Ազատությանն» ասաց՝ մեղադրանքը չի ընդունում:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված մեղադրանքը, ասաց. - «Թող իրենք այդ հարցին պատասխանեն, ասեն՝ ինչի համար են որոշել էդպես անեն… իրենք, ովքեր էդ գործի հետ կապ կապված առնչություն ունեն»։

Հակակոռուպցիոն կոմիտեն Եղեգիսի համայնքապետին մեղադրում է 7 բնակավայրերի ոռոգման համակարգի կառուցման ընթացքում համայնքային գույքի հափշտակության, պաշտոնեական կեղծիքի և լիազորությունները չարաշահելու մեջ: Պետական ու համայնքային միջոցներից մոտ 100 միլիոն դրամով ջրագիծ կառուցելիս նորի փոխարեն հին խողովակներ են անցկացրել։ Բանվորներից մեկն է նկատել ու բողոք ներկայացրել։

Դատարանի առաջ կանգնած համայնքապետն ասաց՝ այստեղ ինքն ամենավերջին մեղավորն է. - «ՀՀ-ում եթե աշխատանքների ընթացքում տեղի է ունենում աշխատանքի թերություն, այդ թերությունների պատասխանատուն համայնքի ղեկավարը չէ, շինարար կա, տեխհսկող կա»։

Եղեգիսի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ութ անդամները ուղերձով դիմել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանին, նշել, որ ՔՊ-ական համայնքի ղեկավարը պաշտոնավարման յոթ տարիներին համայնքում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել «անսահման նվիրվածության, ջանասիրության, հեռատեսության և դրական մի շարք հատկանիշների շնորհիվ»: Գովաբանելով իրենց կուսակից համայնքապետին՝ խնդրել են «հավելյալ ուշադրություն ցուցաբերել» այս քրեական վարույթին:

Նրանցից մեկը՝ կոռուպցիայի մեջ մեղադրվող Արթուր Ստեփանյանի տեղակալ Ահարոն Գաբրիելյանն, որ այժմ կատարում է համայնքապետի լիազորությունները, «Ազատությանն» ասաց. - «Այս շինարարական փուլը, որ հիմա անում ենք, բավականի խնդրահարույց է, շատ խիստ, հետևողական պետք է լինես, այսինքն՝ փաստաթղթաշրջանառությունը և աշխատանքները ճիշտ համապատասխանեն, իսկ դա մեկ մարդ, մենակ համայնքի ղեկավարն իր վրա վերցնել հեշտ չէ»։

Եղեգիսի համայնքապետին ներկայացված մեղադրանքը ենթադրում է 4-8 տարվա ազատազրկում: Նրա հետ այս գործով մեղադրյալ են նաև ոռոգման համակարգը կառուցած շինարարական ընկերության սեփականատեր Զարզանդ Միքայելյանը, շինարարության մասին դրական եզրակացություն տված փորձագետն ու ևս մեկ անձ: Նրանց նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելքը:

Մանրամասները՝ «Ազատության» ռադիոռեպորտաժում.

Your browser doesn’t support HTML5

Եղեգիսի համայնքապետը չի ընդունում մեղադրանքը