Իսրայելի ու «Հեզբոլա»-ի միջև հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ է մտել, սակայն Բեյրութում կրակոցներ են լսվել․ Reuters

Լիբանան, 27-ը նոյեմբերի, 2024թ․

Իսրայելի և Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլա» խմբավորման միջև հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին գրինվիչի ժամանակով ժամը 2-ին, հաղորդում է Reuters-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո կրակոցներ են լսվել Բեյրութի ողջ տարածքում: Պարզ չէ, դրանք եղել են տոնական կրակոցներ, թե նախազգուշացրել են տարհանման մասին։

Reuters-ը նշում է, որ հրադադարի հաստատումից հետո այսօր վաղ առավոտյան Լիբանանի հարավի բնակիչները սկսել են վերադառնալ իրենց տներ։

Երեկ ուշ երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են ավարտել Իսրայելի և «Հեզբոլա»-ի «կործանարար հակամարտությունը»։

«Սա նախատեսում է ռազմական գործողությունների մշտական դադարեցում», - ասել է Բայդենը։

«Հեզբոլա»-ն ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական խմբավորում է ճանաչվել, մինչդեռ ԵՄ-ն նրա միայն զինված թևն է ներառել իր սև ցուցակում, բայց ոչ քաղաքականը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իսրայելն աստիճանաբար՝ 60 օրվա ընթացքում, դուրս կբերի իր զորքերը, այդ ընթացքում լիբանանյան բանակը վերահսկողության տակ կվերցնի Իսրայելի հետ սահմանի մոտ գտնվող հատվածը, որպեսզի «Հեզբոլա»-ը չվերականգնի այնտեղ իր ենթակառուցվածքները, իսկ երկու կողմերի քաղաքացիական անձինք շուտով կկարողանան ապահով վերադառնալ իրենց համայնքներ։

«Հեզբոլա»-ը պաշտոնապես չի մեկնաբանել հրադադարը, սակայն բարձրաստիճան պաշտոնյա Հասան Ֆադլալլահը լիբանանյան Al Jadeed TV-ին ասել է, որ թեև խմբավորումն աջակցում է լիբանանյան պետության հզորացմանը, սակայն այն պատերազմից դուրս կգա ավելի ուժեղ:

Իրանը, որն աջակցում է «Հեզբոլա»-ին, պաղեստինյան «Համաս» խմբավորմանը, ինչպես նաև հութի ապստամբներին, հրապարակայնորեն չի մեկնաբանել հրադադարը:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը X-ի իր էջում ողջունել է հրադադարի համաձայնությունը՝ նշելով՝ գործարքը «Իսրայելի և Լիբանանի իշխանությունների հետ երկար ամիսների ընթացքում ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությամբ ձեռնարկված ջանքերի գագաթնակետն է»:

Լիբանանը ողջունել է գործարքը: Արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բու Հաբիբն ասել է, որ լիբանանյան բանակը կունենա առնվազն 5000 զինծառայող, որը կտեղակայվի հարավային Լիբանանում, քանի որ իսրայելական զորքերը դուրս են գալիս այնտեղից։

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ասել է, որ պատրաստ է իրականացնել հրադադարի ռեժիմը, սակայն խստորեն կպատասխանի «Հեզբոլա»-ի ցանկացած խախտման։

2023-ի հոկտեմբերից Գազայում սկսված պատերազմին զուգահեռ «Հեզբոլա»-ի հետ հակամարտությունը նույնպես սրվեց, միմյանց ուղղությամբ հարվածները այս ամբողջ ընթացքում չէին դադարում։ Երկու ամիս առաջ Իսրայելը Լիբանանում զանգվածային օդային հարձակում սկսեց, պարբերաբար թիրախավորում էր մայրաքաղաք Բեյրութը, սրան էլ հաջորդեց սահմանամերձ հատվածներում Իսրյալելի ցամաքային գործողությունը։ Այս ընթացքում Լիբանանում ավելի քան երեք հազար մարդ սպանվեց, նրանցից շատերը խաղաղ բնակիչներ էին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելն ու «Հեզբոլա»-ն ընդունել են հրադադարի առաջարկը. Բայդեն