Կառավարության վերջին նիստից հետո արցախցիները հաշվարկներ են անում, ինչպես են ապրելու հաջորդ տարվա ապրիլից, երբ տեղահանվածներին այժմ հատկացվող ամսական 50 հազարական դրամների աջակցության ծրագիրը փոփոխվի։
Հիմա գրեթե բոլոր արցախիցները ստանում են յուրաքանչյուրն ամսական 50 հազար դրամ, ապա ապրիլից աջակցություն կստանան միայն առանձնացված խմբերը, այդ թվում՝ անչափահասներն ու 63 տարեկանից բարձր մարդիկ, ընդ որում, հաջորդ տարվա հուլիսից արդեն այդ աջակցությունը կկազմի 30 հազար դրամ։
Կառավարությունում ասում են՝ արցախցիների մոտ 25 տոկոսն արդեն աշխատանք է գտել, մյուսներն էլ աստիճանաբար ինտեգրվում են աշխատաշուկայում։
Նելլի Միրզոյանի ընտանիքում 5 հոգի են, ինքը, ամուսինը ու 3 չափահաս երեխաները։ Սոցիալական աջակցության ծրագրում փոփոխությունից հետո ընտանիքից աջակցություն կստանա միայն ամուսինը։ Նելլին դեռ աշխատանք է փնտրում, 3 երեխաները գործ գտել են, սակայն բավականին ցածր աշխատավարձով, նրանց վաստակածը կբավարարի ընտանիքի տրասնպորտի ու սննդի ծախսերին։
Կնոջ մտքում իրենց կյանքը ապրիլից հետո անլուծելի հավասարում է հիշեցնում. ենթադրենք սննդի գումարը վաստակեցին, ինչպե՞ս են հոգալու տան, առողջապահական ու մյուս ծախսերը։ Հիմա Կոտայքի մարզի Առինջ գյուղում վարձած 2 սենյականոց բնակարանի համար վճարում են 170 հազար դրամ, տունը հարմար չէ Նելլի ընտանիքի համար, որը Արցախում բնակվում էր գյուղում, ուներ այգի, մեծ տնտեսություն։ Սակայն ավելի հարմար տուն կամ բնակարան չեն կարողացել գտնել։
Կլավանա՞ արդյոք այս ընտանիքի սոցիալական վիճակն առաջիկա ամիսներին, կկարողանա՞ն ավելի վաստակել քան հիմա, ամենայն հավանականությամբ՝ ոչ, դեռ ավելին առջևում որդու սրտի վիրահատությունն է, որը կարժենա մի քանի միլիոն դրամ։
ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին անցած 13 ամիսների ընթացքում կառավարությունը հատկացրել է ավելի քան քան 75 միլիարդ դրամ։
Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.