Ամերիկացի կոնգրեսականն ընդհատել է Բաքու այցը և վերադարձել ԱՄՆ

Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, արխիվ

Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, ով COP29-ի համաժողովի շրջանակներում ամերիկյան պատվիրակության կազմում ժամանել էր Բաքու, կիրակի երեկոյան ընդհատել է այցը և վերադարձել Միացյալ Նահանգներ, այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Հանրապետական գործիչը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիրն է, անցած տարիներին այցելել է նաև Արցախ, հեղինակել է Արցախի աջակցության, Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին մի շարք օրենսդրական նախագծեր։

«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ շաբաթ օրը Ադրբեջանի նախագահն ընդունել է ամերիկացի կոնգրեսականների պատվիրակությանը, սակայն Փալոնին թույլ չեն տվել ներկա գտնվել այդ հանդիպմանը։ Լրատվամիջոցը նշում է նաև, որ կիրակի օրը մի խումբ իշխանամետ հասարակական կազմակերպություններ բողոքի ակցիա են անցկացրել Բաքվում գտնվում հյուրանոցի մոտ, որտեղ իջևանել է կոնգրեսականը՝ իշխանություններից պահանջելով «պատասխանատվության ենթարկել» ամերիկացի քաղաքական գործչին։

Հանրապետական կոնգրեսականը մինչ այս պահը չի մեկնաբանել այս տեղեկությունները։ Շաբաթ օրը Փալոնը X-ում միայն գրել է, որ COP29 կլիմայական համաժողովին մասնակցում է՝ պնդելու, որ «ԱՄՆ-ը դեռ պայքարում է և չի հրաժարվի կլիմայի վատթարացող ճգնաժամի դեմ պայքարի իր պարտավորություններից»։