Ինչո՞ւ Թուրքիան ավելի քան 2 տարի չի կատարում ձեռք բերված պայմանավորվածությունը և չի բացում ցամաքային սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Հարցն այսօր խորհրդարան եկած արտգործնախարար Արարատ Միրզոյանին ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Թուրքիան, այնուամենայնիվ, իրենց հետ մեր հարաբերությունների կարգավորումը կապում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի հետ», - պատասխանեց Միրզոյանը:
Ցամաքային սահմանը բացելու համաձայնությունը երկու երկրների բանագնացները՝ Ռուբեն Ռուբինյանն և Սերդար Քըլըչը ձեռք էին բերել դեռ 2022 -ի հուլիսին, երբ հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ որևէ առաջընթաց չկար։
Հետևաբար ընդդիմադիր պատգամավորը հակադարձեց Արարատ Միրզոյանին. - «Ամենասկզբից էլ բանակցություններում Թուրքիան կապել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ: Այսինքն՝ դա նորություն չէ, և պայմանավորվածությունների ձեռքբերումն էլ եղել է այդ համատեքստում, այսինքն, պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո չէ, որ Թուրքիան ասել է՝ գնացեք, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորեք, հետո մենք այս պայմանավորվածությունն իրականություն կդարձնենք: Այդ համատեքստն արդեն եղել է: Ես կարծում եմ՝ կոնկրետ պատճառներ պետք է լինեին, որ այս պայմանավորվածությունն իրականություն չի դարձել»:
Արարատ Միրզոյանն անարձագանք թողեց ընդդիմադիր պատգամավորի այս դիտարկումը։ Աննա Գրիգորյանի համոզմամբ, սակայն, Թուրքիան միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ չէ, որ պայմանավորում է սահմանի բացումը, այլ ունի կոնկրետ այլ նախապայմաններ, որոնց մասին իշխանությունները լռում են:
«Իհարկե, դա ներառում է նաև Սահմանադրությունը, մի անգամ չի, որ դրա մասին խոսվել է, ու ամենակարևոր հարցը, որ այսօր նաև աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետաքրքրության տիրույթում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է», - ասաց Գրիգորյանը:
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծում է՝ Թուրքիան, որ ինքն է 1993 -ին փակել Հայաստանի հետ սահմանը, չի ուզում բացել ցամաքային սահմանն անգամ 3-րդ երկրների քաղաքացիների համար, նույնիսկ այն պարագայում, երբ Հայաստանը հրաժարվում է առաջ քաշել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։
Հայոց ցեղասպանության ճանաչումը Երևանի «թիվ մեկ առաջնահերթությունը չէ»
Իսկ որ Հայոց ցեղասպանության ճանաչումն այլևս Հայաստանի արտաքին քաղաքական առաջներթություններից չէ, այսօր խորհրդարանում ուղիղ հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Հայոց ցեղասպանությանը զուգահեռ օգտագործելով նաև «պատմության ողբերգական անցքեր ձևակերպումը»:
«Դա մեր թիվ մեկ առաջնահերթությունը չի, և պատմության անցքերը ողբերգական, Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերություն դարձնելը, անշուշտ, ԱԳՆ -ի օրակարգը չէ», - ասաց Միրզոյանը:
Ոչ մի ուրիշ պրոբլեմ աշխարհում չունի այլ պատասխան, քան տնտեսությունը և փողը. էկոնոմիկայի նախարար
Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության 2021-2026 թվականի ծրագրում հստակ գրված է. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, և սա լինելու է Կառավարության առաջնահերթությունների շարքում: Ցեղասպանության միջազգային ճանաչումը Կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»։
Թեև կառավարությունն իր հնգամյա ծրագրում հստակ մատնանշել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն առաջնահերթություն է, Փաշինյանի կաբինետի անդամ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր պնդում էր՝ Հայաստանում տասնամյակներ շարունակ սխալ քաղաքականություն է վարվել, և որ արտաքին քաղաքականության առջին խնդիրը պետք է լինեն տնտեսությունն ու ներդրումները։
«Ոչ մի ուրիշ պրոբլեմ աշխարհում չունի այլ պատասխան, քան տնտեսությունը և փողը», - ասաց նախարարը։