Զուրաբիշվիլին մտադիր չէ ներկայանալ դատախազություն, իրավապահներին հորդորում է «իրենց գործով զբաղվել»

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին վաղը դատախազություն են հրավիրել ընտրությունները կեղծելու վերաբերյալ նրա հայտարարությունների համար։

Դատախազությունը տեղեկացնում է՝ ուսումնասիրում են փաստերը հնարավոր կեղծիքի վերաբերյալ․ - «Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանական ընտրությունների կեղծման մասին փաստեր պետք է ունենա, ինչի համար Վրաստանի նախագահը հոկտեմբերի 31-ին հարցաքննության է հրավիրվել»:

Ավելի վաղ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն էր իրավապահներին կոչ արել հետաքննել ընտրակեղծիքների վերաբերյալ մեղադրանքները՝ հայտարարելով, թե քննադատությունների գնահատումն իրենց իրավասությունից դուրս է։

Զուրաբիշվիլին և ընդդիմադիր կուսակցությունները պնդում են՝ ձայների 54 տոկոսը ստացած իշխող «Վրացական երազանք»-ի օգտին մոտ 300 հազար ձայն է կեղծվել։ Նրանք ընտրությունների արդյունքները չեն ընդունում։

Միջազգային դիտորդներն էլ հայտարարել են, թե ընտրություններն անցել են «անհավասար պայմաններում, ճնշումներով և լարվածությամբ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումները պետք է ամբողջությամբ հետաքննվեն»․ Բլինքենը Վրաստանի ընտրությունների մասինԸնտրությունները Վրաստանում անցել են անհավասար պայմաններում, ճնշումներով և լարվածությամբ. դիտորդներ

Վրաստանի դատախազությունը խոստանում է իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները. - «Կհարցաքննվեն բոլոր անձինք, որոնք կարող են տեղեկություն ունենալ հնարավոր հանցագործության փաստի մասին։ Հանրությանը նաև տեղեկացնում ենք, որ նախընտրական շրջանում և ընտրությունների օրը գրանցված առանձին իրավախախտումների վերաբերյալ իրավապահները ակտիվ քննություն են անցկացնում մի քանի քրեական գործով»:

Ընդդիմադիր առաջնորդների արձագանքը չուշացավ․ աբսուրդ է, որ ռուսական ռեժիմը հետաքննի ռուսական հատուկ օպերացիան, հայտարարում է ընտրություններում 9 տոկոս հավաքած «Ուժեղ Վրաստան»-ը։

Հարցաքննության չներկայանալը կնշանակի, որ մեղադրանքները կեղծ են, իր հերթին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Արդեն երեկոյան Վրաստանի նախագահը ճեպազրույց հրավիրեց ու հայտարարեց՝ մտադիր չէ դատախազություն ներկայանալ՝ իրավապահներին հորդորելով իրենց գործով զբաղվել։

Ընդդիմությունը հայտարարել է, թե հրաժարվում է աշխատել այս խորհրդարանում: Երկուշաբթի երեկոյան Թբիլիսիում հանրահավաք անցկացրին, նախագահը, սակայն, ընտրակեղծիքների մասին հստակ ապացույցներ չներկայացրեց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Նրանք գողացան ձեր ձայնը». մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը ԹբիլիսիումՎրաստանի ընդդիմադիրները չեն ընդունում ընտրությունների արդյունքները

Սալոմե Զուբաիշվիլին արևմտյան պետություններին կոչ է անում ճնշում գործադրել «Վրացական երազանք»-ի վրա ընտրությունների արդյունքները վերանայելու համար․ - «Եթե ճնշում չգործադրվի, դա կնշանակի, որ Արևմուտքը չարեց հնարավոր ամենը, որպեսզի փորձի պահել Վրաստանին արևմտյան կողմում՝ եվրոպական հեռանկարով»:

«Ազատության»-ը տված հարցազրույցում Զուրաբիշվիլին հայտարարել է, թե տեղական կազմակերպությունները տվյալներ են հավաքում խախտումներն ապացուցելու համար:

«Ես կարծում եմ, թե ծրագիր արդեն կա, և դիտորդներն ավարտում են կեղծիքների ապացուցողական բազայի շուրջ աշխատանքները։ Մեր գործընկերները որոշ չափով ընդունել են այս փաստը, անգամ եթե դեռ ընտրությունները անվավեր չեն ճանաչել», - հայտարարել է Վրաստանի նախագահը:

Ընտրություններից օրեր անց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն է հաղորդագրություն տարածել՝ հայտարարելով՝ թե դրանք անցել են վարչական ռեսուրսի բազմաթիվ փաստագրված չարաշահումներով, ընտրողների ահաբեկմամբ և հարկադրանքով։

«Վրաստանի քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ ճանապարհով արտահայտել իրենց կարծիքը այս ընտրությունների անցկացման վերաբերյալ, որոնք անկախ միջազգային և տեղական դիտորդները չեն ճանաչել ազատ և արդար», - ընդգծել է ԱՄՆ առաջնորդը։

Միացյալ Նահանգները կոչ է անում Վրաստանի կառավարությանը թափանցիկ հետաքննություն անցկացնել բոլոր ընտրական խախտումների վերաբերյալ: