Ինչ-որ շրջան է՝ մարդու իրավունքների և ժողովրդավարական զարգացումը Հայաստանում որոշակի լճացման փուլում է. Freedom House-ի ներկայացուցիչ

Հայաստանը կրկին դասվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքին: Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության ամենամյա զեկույցում Երևանը 2 միավորով բարելավել է դիրքերը՝ 100 նիշից ստանալով 74։

«Ազատություն»-ն այսօր զրուցել է Հայաստանում Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանի հետ:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը՝ կրկին ազատ համացանց ունեցող երկրների շարքում

«Ազատություն». - Freedom House-ի տարեսկզբի հիմնական զեկույցում, որը դիտարկում է ազատությունների ընդհանուր մակարդակը, ժողովրդավարական ինստիտուտներ, դատարաններ, մամուլի ազատություն և այլն, Հայաստանը մասամբ ազատ երկիր է, ինչպես նաև Վրաստանը: Դուք հատկապես ի՞նչը կառանձնացնեիք որպես այս գնահատականի պատճառ:

Շիրինյան. - Պետք է խոսել առաջին հերթին դատական իշխանության մասին, որովհետև հենց այստեղ է, որ Հայաստանի միավորները ամենացածրն են: Դատական իշխանության մասով Freedom House-ի զեկույցում նշվում է, որ դատական իշխանությունը դեռևս Հայաստանում կայացած չէ, անկախ չէ: Մի շարք դեպքեր, որ տեղի են ունեցել նախկինում, հատկապես Բարձրագույն դատական խորհրդի նախագահի նշանակման հետ կապված, երբեմն նաև խոսում է նրա մասին, որ Կարեն Անդրեասյանի մասով նաև «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության անդամ էր, որի հետ կան մտահոգություններ, որ միգուցե անաչառությունը Բարձրագույն դատական խորհրդի կարելի է կասկածի տակ դնել, այսպես ասած, և պատճառներից մեկն էր, որ այս տարի ևս արտադրության ոլորտին նվիրված բաժնում միավորը ցածր էր: Մյուս դրույթը, որի մասին կարող եմ նշել, արդեն քաղաքացիական ազատությունների մասին էր, թե ինչքանով են հասարակության լայն շրջանակներ իրենց ազատ զգում, մասնակցելու երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, և այստեղ հատկապես խոսում է նրա մասին, որ հասարակության մարգինալացված շերտերը հատկապես տարածք չունեն խոսելու իրենց խնդիրների մասին, մասնակցելու քաղաքական որոշումներին, ներառականությունն, այսպես ասած, կյանքի տարբեր ոլորտներում ապահովված չէ:

«Ազատություն». - Ի՞նչ նկատի ունեք:

Շիրինյան. - Օրինակ՝ կանանց ներգրավումը քաղաքական գործընթացներում կամ ԼԳԲՏ անձանց ներգրավումը քաղաքական գործընթացներում, որոշումների կայացման պրոցեսում, թե ինչքանով են նրանք ներգրավված այն քաղաքականությունների մշակմանը, որոնք իշխանությունն այսօր առաջնահերթ է համարում:

«Ազատություն». - Կարծում եք Հայաստանը մո՞տ է ազատ երկրների շարքին դասվելուն, հաշվի առնելով, որ 2018-ից հետո շեշտակի է բարելավել ցուցանիշը Հայաստանը:

Շիրինյան. - 2018-ից հետո Հայաստանում մեծ փոփոխություններ տեղի ունեցան, և դրանք նաև արտացոլված են զեկույցում: Ցավոք սրտի, եթե մենք տեսնենք զեկույցները, դիտարկենք զեկույցները, կտեսնենք, որ ինչ-որ շրջան է՝ արդեն մարդու իրավունքների և ժողովրդավարական զարգացումը Հայաստանում որոշակի ստագնացիայի կամ լճացման փուլում է գտնվում: Սրա պատճառները բազմաթիվ են, և սրա մասին զեկուցում էլ խոսվում է: Անվտանգային խնդիրները, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումը. սրանք երևույթներ են, որ, իհարկե, ազդում են Հայաստանում ժողովրդավարական զարգացման վրա, որովհետև բոլոր ռեսուրսները գնացել են այդ ուղղությամբ, բայց միևնույն ժամանակ պետք է նշել, որ կարծես թե իշխանությունների գործողությունը բարեփոխումների ուղղությամբ ևս լճացման փուլում են: Այսինքն, իհարկե, կան օբյեկտիվ պատճառներ, բայց նաև պետք է փաստել, որ իշխանությունները միգուցե այս մասով այնքան էլ մեծ աշխատանք չեն տանում այդ բարեփոխումներն առաջ տանելու ուղղությամբ: Էստեղ կան նաև քննադատություններ հասարակական կազմակերպությունների կողմից տեղացի:

«Ազատություն». - Կազմակերպության զեկույցներում, կարելի է ասել, կարմիր թելով Ռուսաստանն է անցնում՝ սկսած հաքերային հարձակումներից և այլն, և հիշատակվում է մոտավորապես այս միտքը, որ Մոսկվային դուրս չի գալիս Երևանի հարաբերությունների խորացումը Վաշինգտոնի, Բրյուսելի հետ: Սա կարելի՞ է նաև որակել որպես, որ Freedom House-ը Ռուսաստանը դիտարկում է Հայաստանի ժողովրդավարությանն, ասենք, սպառնալիք:

Շիրինյան. - Ռուսաստանից առաջին անգամ Հայաստանը թիրախավորվել է ինտերնետի ազատությունը սահմանափակելու նպատակով: Եթե նախկինում մենք անդրադառնում էինք հիմնականում Ադրբեջանին և Թուրքիային որպես գործոններ Հայաստանում խոսքի ազատությունը սահմանափակելու ուղղությամբ, ինտերնետային կայքերի վրա հարձակումներ իրականացնելու կամ քաղաքացիական հասարակության անդամների նկատմամբ, օրինակ, լրտեսական տարբեր գործիքներ կիրառելու ուղղությամբ, այս տարի ռուսաստանյան հաքերային խմբերը ևս թիրախավորել են հայաստանյան մի շարք կայքեր, ընդ որում, կազմակերպությունը սա ևս դիտարկում ազատության սահմանափակման համար ցուցանիշ: Այս կոնտեքստում Հայաստանը կարող է, իհարկե, ազդել Հայաստանում ժողովրդավարական զարգացման վրա: Ռուսաստանը Հայաստանի մոտ գտնվող ամենա անազատ պետություններից է, մեր բոլոր զեկույցներում, բնականաբար, Ռուսաստանի ազդեցությունը մեծ կարող է լինել Հայաստանում ժողովրդավարական զարգացման վրա, հենց նաև մեդիայում տարածվող նառատիվների ուղղությամբ, որովհետև մենք պարբերաբար տեսնում ենք, թե ոնց է Ռուսաստանը թիրախավորում ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարական զարգացումը, ընտրությունների միջոցով ընտրված իշխանությանը: Սրանք երևույթներ են, որ կարող են ազդել երկրում ժողովրդավարական զարգացման վրա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.