2024 թվականից հունվարից մինչ օրս զինվորական ծառայության հետ կապված մահերի թիվը 26 է, որից 5-ը՝ ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու դեպքեր են, այսօր խորհրդարանում հայտնեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Չհամաձայնելով ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի դիտարկմանը, որ բանակում խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերի աճը «սարսափեցնող հանգամանք է», և այս իշխանության օրոք բանակում զոհերը դարձել են ուղղակի վիճակագրություն, գլխավոր դատախազը ներկայացրեց նաև այս տարվա վիճակագրությունը։
«2024 թվականից հունվարից մինչ օրս զինվորական ծառայության հետ կապված մահերի թիվը 26 է, որից 6 -ը սպանություն են, 4-ը՝ հակառակորդի կողմից, 4 -ը՝ ավտովթար։ Ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու 5 դեպք ունենք։ Մարտական ավտոմեքենա վարելու կանոնները խախտելու 1 դեպք, թռչող սարքերի կամ թռիչքների կանոները խախտելու 2 դեպք, դժբախտ պատահարի 1 դեպք և հիվանդության 3 դեպք», - ասաց նա։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 2 զինծառայող է մահացել ոչ մարտական պայմաններում՝ ժամկետային զինծառայող Աղասի Դալլաքյանի դեպքում Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել սպանության հոդվածով։ Դրանից 6 օր առաջ՝ հոկտեմբերի 7-ին, դիրքում հայտնաբերվել էր զինծառայող Վահե Հարությունյանի մարմինը՝ դարձյալ հրազենային վնասվածքով։ Այս դեպքով քրեական գործ էր հարուցվել հրամանատարի կողմից զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բանակում բարեփոխման մասին խոսք լինել չի կարող, ոչ մի բան չեն անում պատասխանատուները. իրավապաշտպանԲանակում խաղաղ պայմաններում մահերի դեպքերին անդրադառնալով՝ Աննա Վարդապետյանը նշեց, որ 2023 -ի ընթացքում արձանագրվել է զինծառայողների մահվան 22 դեպք, որից 15 զինծառայողի մահը՝ «Ազատի» զինվորական կացարանում հրդեհի հետևանքով էր։
Բանակային խնդիրներով զբաղվող իրավապաշտպանները ավելի վաղ մտահոգիչ վիճակագրություն էին ներկայացրել, թե տարեսկզբից 32 զինծառայող է մահացել։ Նախորդ տարի այդ թիվը կազմում էր 53։ 2022-ին ևս ոչ մարտական պայմաններում գրանցված մահերի թիվն անցել է երեք տասնյակը՝ 38 զոհ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան հերթական դեպքն է արձանագրվել