«Ոստիկանությունում գրեթե իսպառ վերացել է հանցավորությունը թաքցնելու երևույթը», - այսօր խորհրդարանի ամբիոնից վստահեցրեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Ղազարյանի խոսքով՝ նաև դա է հանցավորության աճին նպաստող հանգամանք։
Խորհրդարանում այսօր հրավիրված հանցավորության վիճակի վերաբերյալ լսումների ժամանակ ՆԳ նախարարն ասաց, որ հիմնական հանցատեսակներից աճել են սպանության դեպքերը՝ միջինում 12,1 տոկոս, սպանության փորձի աճը՝ 18,4 տոկոս, զենք զինամաթերքի ապօրինի շրջանառության աճը՝ միջինում 15,6 տոկոս, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը՝ միջինում 13,9 տոկոս, թմրանյութերի շրջնառության աճը՝ միջինում 46,6 տոկոս։
ՆԳ նախարարը նշեց, թե վերլուծությունը ցույց է տալիս, որ սպանությունների 80 տոկոսը կատարվել է կենցաղային հողի վրա։
Նախարարը վստահեցրեց՝ միևնույն ժամանակ նվազել են գողությունները՝ միջինում 10,8 տոկոս, այդ թվում՝ բնակարային գողությունները՝ միջինում 11,4 տոկոս։
Ղազարյանի փոխանցմամբ, թմրամիջոցների մեծ քանակ Հայաստան է ներկրվում հարևան երկրներից և հատկապես Մեղրիի սահմանային հատվածով, որտեղ ոստիկանության իրավասությունը, ըստ նախարարի, սահմանափակ է։
Նա նաև նշեց, որ անցած 5 տարիներին հայտնաբերված 1 տոննա 220 կգ թմրամիջոցներից միայն 2022-23-ին հայտնաբերված ավելի քան 60 կիլոգրամը եղել է սինթետիկ, որի շուրջ 20 կգ հայտնաբերել է ոստիկանությունը։ Թմրամիջոցների դեպքերի հայտնաբերման աճը կազմել է 46, 6 տոկոս։
Ինչ վերաբերում է անչափահասների մասնակցությանը թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, ապա, ըստ նախարարի, վերջին 5 տարիներին քրեական և վարչական պատասխանատվության ենթարկված անչափահասների թիվը յուրաքանչյուր տարի չի գերազանցել 10-ը։
Ղազարյանի խոսքով՝ 47 ոստիկան հեռացվել է համակարգից թմրամիջոց օգտագործելու համար։
Մանրամասներն՝ ավելի ուշ