Երևանը կրկին առաջարկում է Բաքվին օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման իրագործման գործընթացը։
ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն, «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով Բաքվի վերջին հայտարարություններին, շեշտել է՝ Երևանը շահագրգռված է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ:
«Շահագրգռված լինելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը և իրականում նախատեսված է եռակողմ հայտարարությամբ՝ մենք Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել ապաշրջափակման իրագործման գործընթացը», - հայտարարել է Բադալյանը:
Վկայակոչելով եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ Հայաստանի արտգործնախարարությունը կրկին ընդգծում է՝ դրանով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունն է իր տարածքում կազմակերպում բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցումը և երաշխավորում նրանց անվտանգությունը:
«Սա շատ պարզ ձևով գրված է հայտարարության մեջ: Հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունը դա պետք է անի իր իրավազորության և ինքնիշխանության շրջանակներում: Ինչ վերաբերվում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմիններին, եռակողմ հայտարարության 9-րդ կետով նրանց ֆիզիկական ներկայություն նախատեսված չէ», - ասել է Բադալյանը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն էր տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում շաբաթ օրը մեղադրել Հայաստանին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ՝
Հաջիզադեն այս կերպ Հայաստանի վարչապետին էր արձագանքել։
Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համաժողովում վարչապետը կրկին խոսելով նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված ճանապարհների ապաշրջափակման, Հայաստանի տարածքով Ադրբեջանին ու Նախիջևանին կապող ճանապարհի հսկողության մասին՝ ասաց՝ Հայաստանն է երաշխավորելու այդ ճանապարհի անվտանգությունը, Ռուսաստանը մոնիտորինգ կարող է անել, թե որքանով է Հայաստանը կատարում պարտականությունը։
«Ավելին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ կետում որևէ տեղ չկա, որ Հայաստանի Հանրապետության որևէ ինքնիշխան իրավազորություն որևէ կերպ սահմանափակվելու է, որ Հայաստանի Հանրապետության մի քառակուսի մետր տարածքի վրա որևէ ուրիշ երկիր սահմանելու է վերահսկողություն։ Չկա նման բան, և ընդհանրապես չի կարող լինել», - ասել էր Փաշինյանը։
Բադալյանն այսօր վերահաստատել է՝ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրիտ արտահայտում է նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ճանապարհային քարտեզ, որի շրջանակներում Երևանն առաջարկներ է փոխանցել ադրբեջանական կողմին:
Բադալյանը փաստեր է վկայակոչել՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղում լինեն ռուս խաղաղապահներ, ինչպես նաև 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցք՝ ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց ոչ Լաչինի միջանցքը կա, ոչ ՌԴ խաղաղապահները:
ԱԳՆ խոսնակը նաև հիշեցնում է՝ այդ նույն հայտարարությամբ նախատեսվում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո, բայց Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածք չկա, Լեռնային Ղարաբաղ չկա, ինչն, ըստ էության, նշանակում է եռակողմ հայտարարությամբ նախատեսված այս պարտավորության կատարումից հրաժարում:
«Ոչ մի հայ փախստական կամ ներքին տեղահանված մինչև օրս չի վերադարձել ո՛չ Լեռնային Ղարաբաղի տարածք, ո՛չ հարակից շրջաններ», - նկատում է Բադալյանը՝ նաև հավելելով՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում. մինչև այսօր ադրբեջանական բանտերում պահվում են հայեր, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերին կամ հոկտեմբերին գերեվարված: Ադրբեջանն ասում է, որ նրանք ռազմագերի չեն:
«Եթե ռազմագերի չեն, ուրեմն պատանդ են կամ այլ պահվող անձ. եռակողմ հայտարարության ձևակերպումը վերաբերվում է անազատության մեջ գտնվող ցանկացած անձի: Ադրբեջանն անընդհատ բարձրացնում է նաև անհայտ կորած անձանց հարցը: Հայաստանի Հանրապետությունը նույնպես այս հարցը բարձրացնում է, որովհետև երկու պատերազմների հետևանքով շուրջ հազար անհայտ կորած անձ էլ հայկական կողմն ունի, և մենք պատրաստ ենք այս հարցում նույնպես համագործակցել», - եզրափակել է Բադալյանը:
Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ադրբեջանը մտահոգված է, որ նախագիծը Հայաստանին միլիարդավոր օգուտներ կբերի»․ ինչու «Խաղաղության խաչմերուկն» իրականություն չի դառնում