Ինչու Փաշինյանի կառավարության «Խաղաղության խաչմերուկը», որ տարածաշրջանում բաց սահմանների, անվտանգության ու տնտեսության զարգացման մասին է, տեքստից իրականություն չի դառնում, լայն աջակցություն չի ստանում։ Վարչապետն իր սեփական վերլուծությունն ունի, որն այսօր ներկայացրեց այս թեմայով համաժողովին։
«Եվ շատ կարևոր է արձանագրել, թե մեր տարածաշրջանի երկրներն ինչ ընկալումներ ունեն այս առումով», - ասաց գործադիրի ղեկավարը։
Փաշինյանի տպավորությամբ, Ադրբեջանը մտահոգված է, որ նախագիծը Հայաստանին միլիարդավոր օգուտներ կբերի, և Հայաստանն էլ դա կարող է օգագործել ընդդեմ Ադրբեջանի։
«Պոտենցիալ երկու մտահոգություն կարող է բերել Ադրբեջանին։ Առաջինը՝ եթե Ադրբեջանն անկեղծ մտածում է, որ ռազմավարական հեռանկարում Հայաստանն ագրեսիվ պլաններ ունի Ադրբեջանի նկատմամբ, դա կարող է ստեղծել ընկալումներ, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել ընդդեմ Ադրբեջանի։ Կա նաև հակադարձը, որ եթե Ադրբեջանն ագրեսիվ մտադրություններ ունի Հայաստանի նկատմամբ, դա կարող է մտահոգել Ադրբեջանին, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար և Ադրբեջանն իր ագրեսիվ պլանները Հայաստանի նկատմամբ իրագործելու խնդիրներ կարող է ունենալ», - հայտարարեց Փաշինյանը։
Իսկ ինչ մտահոգություն ունի Ռուսաստանը «Խաղաղության խաչմերուկի» հետ կապված, որն, ըստ Փաշինյանի, գլոբալ փոփոխությունների բերումով դառնում է համաշխարհային նշանակության ծրագիր։
«Ռուսաստանի Դաշնությունը կարող է մտահոգություն ունենալ, որ այդ ամբողջ հոսքերն այս տարածքով անցնելն իր համար կարող է ընդունելի լինել, եթե ինքը շարունակի որոշակի ազդեցություն ունենալ այդ հոսքերի կառավարման վրա։ Ինչ չափի ազդեցություն, էական չէ, և սա էլ է գործոն, որը մենք նույնպես պետք է հաշվի առնենք», - հայտարարեց գործադիրի ղեկավարը։
«Իրանը հստակ աջակցություն է ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկին»
Այս ճանապարհն առայժմ լավատեսության հիմք չէ արևմտյան մի շարք գործընկերների համար, խոստովանեց Նիկոլ Փաշինյանը։ Նրանց մտահոգություններն էլ հարևան Իրանին են վերաբերում։
«Իմ տպավորությամբ, հասկանալի է, որ այս ճանապարհն, ըստ էության, գոնե առայժմ, լավատեսության ոչ մի հիմք չի տալիս, բայց նրանց համար խնդրահարույց է, նրանք չեն ուզում, որ հոսքերը հիմնականում հոսեն Իրանի տարածքով, հարաբերությունների մի շարք հանգամանքների պատճառով։ Սա էլ է գործոն, որը պետք է ուղղակի մտքում ունենալ», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Ի՞նչ է ուզում Իրանի Իսլամական հանրապետությունը․ Իրանն այն քիչ երկրներից է, որ հստակ աջակցություն է ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկ» նախագծին»։
«Խաղաղության խաչմերուկ»-ն իրականում Արևմուտքին է ուղղված»
Մեկ տարի է՝ Հայաստանի ղեկավարը խոսում է արևելքից արևմուտք Հայաստանով անցնող սահմանների բացման մասին, բայց առաջխաղաղացում չկա հայ-ադրբեջանական խաղաղության ու հայ-թուրքական սահմանը բացելու բանակցություններում։
«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանի կարծիքով՝ «Խաղաղության խաչմերուկն» իրականում Արևմուտքին է ուղղված։
«Եկեք ցույց տանք միջազգային հանրությանն, առաջին հերթին Արևմուտքին, որ մենք լավն ենք, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան վատ։ Որովհետև նաև վարչապետը շեշտեց չէ՞, որ «եթե լինի քաղաքական կամք, ապա սա կիրականանա, չկա քաղաքական կամք», իսկ ինչո՞ւ չկա, որովհետև, ակնհայտ է չէ՞, սլաքններն ուղղում են․․․ որովհետև Ադրբեջանը և Թուրքիան չունեն քաղաքական կամք, հետևաբար նրանք չեն ցանկանում խաղաղություն, հետևաբար նրանք վատն են, իսկ մենք լավը», - ասաց Պողոսյանը։
Ի՞նչ հետևություններ կանի Արևմուտքը Հայաստանի խաղաղարար ծրագրերից։ Բենիամին Պողոսյանը հիշեցնում է Արցախի կորուստը, արցախցիների բռնի տեղահանումը։ Ի՞նչ փոխվեց դրանից հետո, հարցնում է։
«2023-ի սեպտեմբերյան դեպքերից առաջ Եվրամիությունը, Միացյալ Նահանգները թե՛ հրապարակային, թե՛, ինչքան ես գիտեմ, ոչ հրապարակային, հստակ ուղերձներ Ադրբեջանի ղեկավարությանը հղել էին՝ ուժ չկիրառել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Մենք տեսանք այն, ինչ եղավ 2023-ի սեպտեմբերին և տեսանք, որ առաջիկա մեկ տարում Ադրբեջանի հետ ոչ մի վատ բան տեղի չունեցավ», - ասաց փորձագետը։
«Հայաստանն է երաշխավորելու այդ ճանապարհի անվտանգությունը»
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի համաժողովում վարչապետը կրկին խոսեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված ճանապարհների ապաշրջափակման, Հայաստանի տարածքով Ադրբեջանին ու Նախիջևանին կապող ճանապարհի հսկողության մասին։ Նա մեկնաբանեց՝ Հայաստանն է երաշխավորելու այդ ճանապարհի անվտանգությունը, Ռուսաստանը մոնիտորինգ կարող է անել, թե որքանով է Հայաստանը կատարում պարտականությունը։
«Ավելին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ կետում որևէ տեղ չկա, որ Հայաստանի Հանրապետության որևէ ինքնիշխան իրավազորություն որևէ կերպ սահմանափակվելու է, որ Հայաստանի Հանրապետության մի քառակուսի մետր տարածքի վրա որևէ ուրիշ երկիր սահմանելու է վերահսկողություն։ Չկա նման բան ընդհանրապես և չի կարող լինել», - հայտարարեց Հայաստանի կառավարության ղեկավարը։
Այս հայտարարությանն արագ արձագանքեցին Բաքվից, թե Փաշինյանի խոսքերը վկայում են ստանձնած պարտավորությունների նկատմամբ Հայաստանի ղեկավարների անփութության մասին։
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը հորդորել է Հայաստանի ղեկավարներին չխեղաթյուրել իրականությունը։
«Եռակողմ հայտարարության 9-րդ կետում հստակ նշված է՝ որոնք են Հայաստանի պարտավորությունները կապի բացման հետ կապված, և ինչպես պետք է կազմակերպվի վերահսկողությունը տրանսպորտային կապերի նկատմամբ», - հայտարարել է Այխան Հաջիզադեն։
«Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով երևանյան համաժողովը կազմակերպել էին իշխող «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությունն ու Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը։
Նիկոլ Փաշինյանը միջոցառմանը եկել էր արտակարգ խիստ հսկողությամբ։ Լրագրողներին արգելում էին անգամ առանց տեսախիցիկի կանգնել սրահում որտեղով անցնում էր Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ահմանները բացելու, հարևանների հետ բարեկամություն անելու, անվտանգ ապրելու ելույթից հետո, երբ հեռանում էր նրա անվտանգության աշխատակիցները դրսից փակեցին դահլիճի դուռը, որտեղ լրագրողներն ու օպերատորներն էին։ Դուռը բացվեց միայն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն այդ տարածքից հեռացել էր։ Անգամ նրա ելումուտն «Ազատության»-ը չհաջողվեց նկարահանել։