Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հրաժարականից հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել կառավարության ևս երկու անդամ՝ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի հրաժարականի մասին տեղեկությունն «Ազատության» հետ զրույցում հաստատեց էկոնոմիկայի նախարարի մամուլ խոսնակ Լիլիթ Շաբոյանը՝ նշելով, որ հրաժարականը Տերյանի անձնական որոշումն է։
Տերյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021-ից:
Նախքան փոխնախարար նշանակվելը, նա «Դիալոգ» խորհրդատվական ընկերությունում է աշխատել, որպես կառավարող գործընկեր:
Տերյանը համակարգում էր էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության, ԱՊՀ և ԵԱՏՄ համագործակցության, հանրային ներդրումների, առևտրի և ինտեգրացիայի ոլորտները։
Դեռ հուլիսին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարել էր, որ ուսումնասիրում է Նարեկ Տերյանի ու նրա կնոջ մասին հետաքննությունը։ «Սիվիլնեթ»-ն էր միջազգային գործընկերոջ հետ հետաքննել ու պարզել, որ փոխնախարարի կինն աշխատում է «ՌԻԴ» ընկերությունում, որի ծրագրերից մեկը համակարգում է պաշտոնյա ամուսինը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շահերի բախո՞ւմ է, թե՞ ոչ. փոխնախարարի կինն աշխատում է նրա համակարգած ներդրումային ծրագրումՊաշտոնից այսօր ազատվել է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։ Նա էներգետիկ ոլորտն էր համակարգում։ Վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության e-gov.am հարթակում։ Վարդանյանն այս պաշտոնը զբաղեցնում է 2019-ից։
Նախարարության խոսնակ Սոնա Հարությունյանը նշել է, որ Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն:
Նախօրեին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 2019-ից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախագահող Գարեգին Բաղրամյանը։
Նրա հրաժարականը հաջորդել էր «էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրների ու դրանց լուծման հնարավորությունների» մասին կառավարությունում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տեղի ունեցած խորհրդակցությանը։
Փաշինյանը կարևորել էր բաժանորդներին որակյալ էլեկտրաէներգիայի մատակարարումը։
2024-ի Կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց հոսանքի տատանումներից, երբ հենց նիստի ընթացքում անջատվեց կառավարության հոսանքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վթարների մոտ 34 տոկոսը շինաշխատանքների պատճառով է. ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ