Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև Մոսկվայում եռակողմ հանդիպում նախատեսված չէ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքերը։
«Մենք համաձայնության չենք եկել եռակողմ հանդիպման մասին», - ասել է նա՝ հավելելով, որ նման գաղափար եղել է, բայց ինչ-որ մեկի կողմից աջակցություն չի ստացել։
Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի եղել այս ձևաչափով հանդիպում անցկացնելուն։
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Ռուսաստանում BRICS-ի կամ ԱՊՀ միջոցառումների ժամանակ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման հնարավորության որոշումը մնում է իրենցը, «Ռուսաստանն իր հերթին պատրաստ է կատարել իր պարտավորությունները»։
«Ինչպես ասում են՝ "It's up to them" (որոշումն իրենցն է, խմբ.)»,- ասել էր Լավրովը՝ պատասխանելով Ռուսաստանի առաջիկա իրադարձությունների շրջանակում երկու առաջնորդների հանդիպման հնարավորության մասին հարցին։
Երեկ Երևանը, Մոսկվան, Բաքուն հայտարարեցին, որ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումների օրակարգում Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հարցն է։
Մոսկվայում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ ռուսական կողմից հանդիպմանը ներկա են փոխվարչապետ Ալեկսեյ Օվերչուկը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը, Պուտինի օգնական Յուրի Ուշակովը և մամուլի խոսնակ Դմիտրի Պեկսովը։
Մինչ Ալիևի հետ առանձնազրույցը Պուտինն ասել է, որ նրան սպասում են BRICS-ի գագաթաժողում։ «Մենք Ձեզ սպասում են Կազանում հոկտեմբերի 23-24-ին»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
2024-ին BRICS-ը նախագահում է Ռուսաստանը։
Ալիևն ասել է, որ Բաքու կատարած Պուտինի պետական այցից հետո Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններում զգալի դինամիկա կա։
Պուտինը Բաքու էր այցելել օգոստոսի վերջին։
Փաշինյանը ժամանել է Կրեմլ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Կրեմլում է, որտեղ տեղի կունենա Պուտինի հետ հանդիպումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստ»-ին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը Փաշինյանին է ներկայացրել Բաքու կատարած այցի տպավորությունները