Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի երեկվա հայտարարությունը, թե Փարիզը Երևանի կողքին է՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ճնշումների, տարածքային պահանջների ֆոնին, Ֆրանսիայի կողմնակալ վերաբերմունքի ևս մեկ դրսևորում է, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։
«Անընդունել է, որ Հայաստանին լանորեն զինող ու ռևանշիզմի պատրաստող Ֆրանսիան ադրբեջանական կողմին է մեղադրում ճնշումների համար», - ասել է Հաջիզադեն՝ նշելով, թե Հայաստանին որպես խաղաղասեր, բայց զոհի կարգավիճակում ներկայացնելը, Ֆրանսիայի «անարդար քաղաքականության» հետևանք է։
«Մենք պահանջում ենք Ֆրանսիայից՝ դադարեցնել իր ապակառուցողական գործունեությունը մեր տարածաշրջանում, որի արտաքին քաղաքականությունն աշխարհի շատ երկրների նկատմամբ ձախողվել է», - եզրափակել է Հաջիզադեն։
Մակրոնն երեկ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ չնայած Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ճնշումներին՝ Ֆրանսիան ուս ուսի ամուր կանգնած է Հայաստանի կողքին։ Նա կոչ է արել միջազգային հանրությանը՝ աջակցել Հայաստանին։
«Միջազգային հանրությունը պետք է աջակցի, որպեսզի խաղաղ բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, միջազգային ճանաչված սահմանները պահպանվեն», - հայտարարել է Մակրոնը։
Հայաստանն ու Ֆրանսիան անցած տարի հոկտեմբերին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել, որոնցով Ֆրանսիան Հայաստանին ռադարներ և հրթիռներ պետք է տրամադրի, խորհրդատվություն բանակի բարեփոխումների հարցում։
Բաքուն մեղադրում է Փարիզին՝ «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու», «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման» «Հայաստանին զինելու» համար՝ փաստացի բոյկոտելով Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցային բոլոր հանդիպումները։ Երևանն ու Փարիզը պարբերաբար շեշտում են՝ Ֆրանսիան Հայաստանին միայն պաշտպանական սարքավորումներ է տրամադրում։
Սեպտեմբերի վերջին Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն Երևանում կրկին շեշտեց, որ Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու բնակչությանը. - «Բարեկամների միջև բնական է համագործակցությունը նաև այս բնագավառում, և մենք դա անում ենք՝ հարգելով սուվերենությունը և առանց որևէ էսկալացիայի կամքի»։
Բաքուն էլ հայտարարեց, թե ռևանշիստական ուժերը Հայաստանում գլուխ են բարձրացնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փարիզը հուսով է, որ Բաքուն նախքան COP 29-ը կապացուցի, որ ցանկանում է հասնել խաղաղության