Լիբանանին Իսրայելի մահաբեր հարվածները նոր պատերազմի սկիզբն են նշանավորում

Լիբանանը իսրայելական հարվածներից հետո, 25-ը սեպտեմբերի, 2024թ․

Լիբանանյան «Հեզբոլա» զինված խմբավորման հետ 2006-ին հինգ շաբաթ տևած ավերիչ հակամարտությունից ի վեր Իսրայելն ամենամահաբեր ռմբակոծությունն է իրականացրել Լիբանանում։

Փորձագետները նշում են, որ սեպտեմբերի 23-ին Իսրայելի հարձակումները, որոնց հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել, Իսրայելի և նրա վաղեմի թշնամու՝ «Հեզբոլա»-ի միջև նոր պատերազմի սկիզբն են նշանավորում:

Անցած տարվա հոկտեմբերից ի վեր, երբ Իսրայելը պատերազմ սկսեց Գազայի հատվածում, կողմերը մշտապես անդրսահմանային հարվածներ են հասցրել միմյանց։ «Հեզբոլա»-ն հայտարարել է, որ հրթիռներ է արձակել Իսրայելի վրա՝ ի նշան պաղեստինցիների նկատմամբ համերաշխության:

Սակայն Իսրայելի մահաբեր ավիահարվածները, որոնք տեղի ունեցան Լիբանանում կապի միջոցների պայթեցումների միջոցով կատարված հարձակումից անմիջապես հետո, որոնց համար լայնորեն մեղադրվում է Իսրայելը, վկայում են այն մասին, որ այստեղ նոր հակամարտություն է բռնկվել։

«Երկու կողմերն էլ կարող են ավելի սրել իրավիճակը, սակայն արդեն հասել ենք բռնության այնպիսի մակարդակի, որը համեմատելի է Լիբանանյան երկրորդ պատերազմի հետ»,- ասել է Բահրեյնում տեղակայված Le Beck International խորհրդատվական կազմակերպության տեղեկատվության վերլուծության բաժնի ղեկավար Մայքլ Հորովիցը:

Մայքլ Հորովից

Այս պահին ընթացող հակամարտության և լայնամասշտաբ պատերազմ հասկացության միջև տարբերությունն «այնքան է նեղանում, որ այն գրեթե անիմաստ է դառնում», - հավելել է Հորովիցը:

Իրանի աջակցությունը ստացող «Հեզբոլա»-ն վերջին ամիսներին մի շարք անհաջողություններ է կրել: Իսրայելը սպանել է «Հեզբոլա»-ի ղեկավարության և հրամանատարական կառույցի առանցքային անդամների։ Անցած շաբաթ ենթադրաբար Իսրայելի կազմակերպած հարձակումը, որի թիրախում «Հեզբոլա»-ի գրոհայինների կողմից օգտագործվող փեյջերներն ու ռադիոկապի հազարավոր սարքերն էին (որոնք պայթեցվեցին – խմբ․), ևս թուլացրեց արդյունավետ հաղորդակցվելու՝ «Հեզբոլա»-ի կարողությունը։

Չնայած «Հեզբոլա»-ի կրած զգալի կորուստներին՝ փորձագետները կարծում են, որ լիբանանյան զինված խմբավորումը չպետք է պարտված համարվի։

Սեպտեմբերի 18-ին Լիբանանում պայթեցված փեյջերների մնացորդներ

Հորովիցը նախազգուշացրել է, որ «Հեզբոլա»-ն «լիովին շարքից հանելը իրատեսական նպատակ չէ»՝ հաշվի առնելով կազմակերպության ռազմական զինանոցը, ինչպես նաև նրա կենդանի ուժը, որը տասնյակ հազարների է հասնում:

«Հեզբոլա»-ն պատասխանել է Իսրայելի ավիահարվածներին՝ հրթիռային հարվածներ հասցնելով երկրի հյուսիսային շրջաններին: Սակայն խմբավորումը դեռ չի օգտագործել իր ավելի ժամանակակից զենքերը, ինչպիսիք են անօդաչու թռչող սարքերը և միջին և երկար հեռահարության հրթիռները, որոնք կարող են հասնել Իսրայելի տարածքի խորքերը:

«Հեզբոլա»-ն պնդում է, որ կշարունակի հարվածներ հասցնել Իսրայելին, քանի դեռ ձեռք չի բերվել հրադադարի համաձայնություն, որը վերջ կդնի Գազայի պատերազմին։ Իսրայելը, սակայն, հայտարարում է, թե իր նպատակն է անվտանգություն ապահովել Լիբանանի հետ իր հյուսիսային սահմանի երկայնքով, որպեսզի տեղահանված իսրայելցիները կարողանան վերադառնալ իրենց տները։

«Իսրայելցիները կարծում են, որ եթե բավականաչափ ճնշում գործադրեն «Հեզբոլա»-ի վրա, խմբավորումն ի վերջո կհամաձայնի առանձնացնել Լիբանանի ճակատը Գազայի ճակատից, կամ այնքան կորուստներ կկրի, որ զգալիորեն կնվազի նրա կարողությունը՝ շարունակելու մաշեցնող պատերազմը, որն այն մղել է Իսրայելի դեմ 11 ամիս շարունակ»,- ասել է Հորովիցը։

Սակայն փորձագետներն ասում են, որ Իսրայելը վտանգավոր ռազմավարություն է կիրառում՝ ուժեղացնելով իր հարձակումները «Հեզբոլա»-ի դեմ:

Լիբանան, 24-ը սեպտեմբերի, 2024թ․

«Գնահատականը կարող է լինել այն, որ Իսրայելը կարող է չեզոքացնել «Հեզբոլա»-ի զինանոցի զգալի մասը, նախքան խմբավորումն այն կօգտագործի կենտրոնական Իսրայելի դեմ զանգվածային հարձակումներ իրականացնելու համար, և նաև Իրանն ու «Հեզբոլա»-ն կարող են հրաժարվել հետագա սրացումից»,- ասել է Հորովիցը․ - «Դա շատ ռիսկային խաղադրույք է»:

Իրանը, որը «Հեզբոլա»-ի» հիմնական աջակիցն է, չի ցանկանում ուղղակիորեն ներգրավվել Իսրայել-«Հեզբոլա» հակամարտության մեջ:

«Ազատ եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության հետ զրույցում լոնդոնաբնակ քաղաքական մեկնաբան Ջալալի Հաշեմին ասել է, որ սեպտեմբերի 23-ի հարձակումներին «Հեզբոլա»-ի համեմատաբար զուսպ արձագանքը և Իսրայելի հետ ուղիղ առճակատման մեջ մտնելու Իրանի դժկամությունը քաջալերել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որպեսզի «ավելի ավերիչ հարձակումներ» իրականացնի։

Իրանը և Իսրայելը մի քանի անգամ հայտնվել են պատերազմի շեմին, այդ թվում՝ հուլիսին Թեհրանում «Համաս»-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո: Թեհրանը դրանում մեղադրեց Իսրայելին և խոստացավ պատասխան քայլեր ձեռնարկել, թեև Իրանի կողմից ուղղակի ռազմական պատասխան չի եղել:

Մեծ Բրիտանիայում բնակվող տարածաշրջանային հարցերով փորձագետ Ալի Մոհթադին ասում է, որ 2006-ին Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև պատերազմի ժամանակ Թեհրանը ձեռնպահ մնաց ռազմական գործողություններին ուղղակիորեն ներգրավվելուց: Փոխարենն Իրանն իր դաշնակցին նյութատեխնիկական աջակցություն և զենք տրամադրեց:

«Թեև Իրանը 2006-ի համեմատ այլ դիրքերում է, հնարավոր է, որ այս անգամ ևս շարունակի նույն մակարդակի աջակցություն ցուցաբերել Լիբանանին [«Հեզբոլա»-ին]»,- «Ազատության» իրանական ծառայությանն ասել է Մոհթադին։

Հեղինակ՝ Քիան Շարիֆի