Լիբանանը հաղորդում է, որ իսրայելական օդային հարվածներից երկրում զոհերի թիվը հասել է 492-ի, բնակիչները փախչում են հարավից, փոխանցում է Reuters-ը։
Associated Press-ը նշում է, որ զոհերի թվում ավելի քան 90 կին ու երեխա կա։ Հաղորդվում է նաև 1645 վիրավորի մասին։
Իսրայելի բանակը հայտարարել է, որ երկուշաբթի օրը օդային հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլա»-ի դիրքերին։ Լիբանանի իշխանությունները սա ամենամահաբեր օրն են համարել ու ամենազանգվածային հարձակումը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր, երբ Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումից հետո իրավիճակը սրվեց նաև Իսրայելի և Լիբանանի սահմանին։
Իսրայելը եկուշաբթի օրը կոչ էր արել՝ բնակիչներին տարհանել Լիբանանի այն հատվածներից, որտեղ զինված շարժումը զենք է պահում՝ նախազգուշացնելով, որ «զանգվածային հարվածներ» են հասցնելու Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորմանը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարճ տեսաուղերձով դիմել է լիբանանցիներին։ «Իսրայելի պատերազմը ձեր դեմ չէ, այլ «Հեզբոլա»-ի: Այն երկար ժամանակ ձեզ որպես կենդանի վահան է օգտագործել», - հայտարարել է Իսրայելի վարչապետը:
Associated Press-ը գրում է, որ տարհանման նշաններ չեն եղել՝ ենթադրելով, որ լիբանանցիները հնարավոր է նույնիսկ տեղյակ էլ չեն եղել, որ ապրում են տներում, որտեղ, ըստ իսրայելական տվյալների, «Հեզբոլա»-ը զենք է պահում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլա»-ի դիրքերին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարավային Լիբանանի բնակիչներն առավոտից տարհանման կոչով զանգեր են ստանում