Տևական ժամանակ Ադրբեջանի հետ աշխատանքը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով և դա որոշակի արդյունավետություն է ցույց տվել, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր բոլոր միջազգային գործընկերների աջակցությունը խաղաղության գործընթացում բարձր ենք գնահատում: Տևական ժամանակ Ադրբեջանի հետ աշխատանքը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով, ընդ որում, կարող ենք ասել, որ այդ ձևաչափն այս ընթացքում որոշակի արդյունավետություն է ցույց տվել՝ սկսած նախորդ տարվա դեկտեմբերի հայտարարությունից մինչև սույն թվականի ապրիլի 19-ի հայտարարությամբ, երեկ էլ սահմանազատման հանձնաժողովների համատեղ կանոնակարգը ստորագրվեց», - հայտարարեց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց՝ քանի դեռ երկկողմ ձևաչափով «կարողանում ենք առաջ ընթանալ, կարծում եմ ճիշտն այդ ձևաչափն է»:
Անդրադառնալով քննարկումներին, թե Լոնդոնում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի Հանրապետությունն է հրաժարվել Իլհամ Ալիևի հետ հանդիպումից, Փաշինյանն ասաց. - «ՀՀ-ն չի հրաժարվել հանդիպումից: Ես ինքս Ադրբեջանի նախագահին առաջարկել եմ, ոչ թե անձամբ, այլ դիվանագիտական խողովակներով, որպեսզի տեղի ունենա հանդիպում երկկողմ ձևաչափով: Ինչո՞ւ, որովհետև նախկին շրջանում այդ ըմբռնումը փոխադարձաբար եղել է, որ մենք այս շրջանում աշխատում ենք երկկողմ ձևաչափում: Ես կարծում եմ, որ կարող ենք այս տրամաբանությունը շարունակել, որովհետև արդյունավետ է»:
Վարչապետն ընդգծեց նաև. - «Ընդ որում՝ երբ գա, հասունանա պահը՝ բարձրագույն մակարդակում հանդիպում անցկացնելու՝ չբացառելով որևէ այլ ձևաչափ, կարծում եմ, օրինակ, դա կարող է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունենալ, այնտեղ, որտեղ սահմանազատման հանձնաժողովներն են հանդիպում, և ես պատրաստ եմ նաև այդպիսի շփումների»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական կողմը մերժել է Լոնդոնում երկկողմ հանդիպում ունենալու Երևանի առաջարկը․ ՀՀ ԱԳՆ