Բաքուն ռուսների միջոցով գողանում է Բարդուղիմեոս առաքյալին՝ Հայ առաքելական եկեղեցու երկու հիմնադիրներից մեկին: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ամենաթարմ օրինակն է ներկայացնում, որ Ռուսաստանի նախագահի Բաքու կատարած պետական այցի օրերին էր. Պուտինն ու Ալիևը Բաքվի ռուսական եկեղեցի են մտնում:
Եպիսկոպոս Ալեքսին պատմում է՝ այստեղ են Բարդուղիմեոս առաքյալի մասունքները, Բաքվում է նա նահատակվել։ Առաքյալը Բաքվի, Ադրբեջանի ու այդտեղ ապրողների հովանավորն է:
Քրիստոսի 12 առաքյալներից Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալներն են քրիստոնեությունը Հայաստան բերել։ Հայ եկեղեցին այս պատճառով է առաքելական կոչվում։ Ընդ որում՝ Բարդուղիմեոսը քարոզն սկսել է Սյունիքից:
Ինչո՞ւ է Բաքուն Բարդուղիմեոսին սեփականացնելու գործընթաց սկսել, թեման ուսումնասիրած Հրանուշ Խառատյանը նախ շեշտում է՝ առաքյալը գործել ու նահատակվել է Մեծ Հայքում՝ ոչ միայն հայկական, ասորական ու լատինական աղբյուրներն են հաստատում։ Իսկ Ադրբեջանը առաքյալի կողոպուտի գործընթաց է սկսել, որովհետև աղվանական եկեղեցուն առաքյալ է պետք:
«Երկար ժամանակ Ալիևը փնտրում է ուդիներին աղվանական եկեղեցու առանձին ներկայացուցիչ», - ասաց ազգագրագետը:
Արցախի տարածքում ավելի քան 300 աղվանական եկեղեցի կա, հայտարարում է րԲաքուն 44-օրյա պատերազմից հետո, իրեն համարում աղվանական մշակույթի ժառանգորդ։ Դադիվանք էր ուղարկում ուդիների խմբի՝ նրանց ներկայացնում որպես կրոնական համայնք, որ այցելել են հնագույն աղվանական եկեղեցի՝ այսինքն Դադիվանք... ըստ ազգագրագետի՝ Սյունիքում քարոզած Բարդուղիմեոս առաքյալին աղվանական դարձնելով Բաքուն իր նկրտումների պլանն է գծում:
«Միայն քաղաքական հարց է, ուրիշ ոչինչ», - քարտեզագետ Գալչյանը Բարդուղիմեոսին ուդիների նախապապ դարձնելու ադրբեջանական պլանը համարում է շատ վտանգավոր, իր խոսքով «Արևմտյան Ադրբեջան» կեղծարարության շարունակություն, որի դեմ պայքար է պետք նաև միջազգային հարթակներում:
«Կեղծիքը մի քանի անգամ ներկայացնում ես, երբ որ դրան դեմ, հակառակը խոսող չկա, շարունակում ես, մի 10-20 տարի հետո դառնում է ընդունելի հանրության կողմից: Մի 10 տարի էլ անցնում է դառնում է ճշմարտություն», - ընդգծեց Գալչյանը:
Հրանուշ Խառատյանն ակնկալում է, որ գոնե աստվածաբանական քննարկումներ կսկսվեն՝ ի վերջո երկու հազար տարում ձևավորված արժեք է տեղափոխվում, ընդ որում, չկան հիմքեր, աղբյուրներ, կան միայն նպատակներ:
Բարդուղիմեոս առաքյալին Ադրբեջանի հովանավոր հռչակելուց 11 օր անց Մայր Աթոռը դեռ ասելիք չունի։