Պեկինը՝ Բաքվի նոր ռազմավարական գործընկեր․ ի՞նչ է ակնկալում Ալիևի վարչակազմը Չինաստանի հետ նոր մակարդակի համագործակցությունից

Իլհամ Ալիև-Սի Ծինփին հանդիպում Պեկինում, 2019թ․

Մինչ Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվայի կոշտ հակազդեցության պայմաններում փորձում են սերտացնել կապերը Հարավային Կովկասի երկրների հետ, տարածաշրջանում իր ազդեցությունն է ընդլայնում Արևմուտքի մյուս մրցակիցը՝ Պեկինը։ Վրաստանից հետո Չինաստանը հարավկովկասյան երկրորդ երկրի՝ Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության պայմանագրի կնքեց հուլիսին։

Ո՞րն է Պեկինի շահը հարավկովկասյան տարածաշրջանում

Իլհամ Ալիևն ու Սի Ծինփինը հուլիսին ստորագրված հռչակագրում հայտարարում են համագործակցությունն ընդլայնելու մասին՝ խոստանալով ռազմավարական բովանդակություն հաղորդել երկու երկրների հարաբերություններին, որոնց հազարավոր կիլոմետրեր են բաժանում։

«Սա նոր ելակետ է։ Մենք շարունակելու ենք մեծացնել փոխադարձ աջակցությունն՝ ի շահ մեր ժողովուրդների», - այդ օրը հայտարարեց Չինաստանի նախագահը։

Ալիևն էլ իր հերթին նշեց․ - «Սա մեծ ձեռքբերում է և մեծ պատասխանատվություն։ Մենք հետագայում էլ մտադիր ենք փոխգործակցել, բոլոր ուղղություններով ամրապնդել երկկողմ կապերը»։

«Ճտերն աշնանն են հաշվում»

Չինաստանի հարցերով մասնագետները դեռ չեն շտապում գնահատականներ տալ առաջին հայացքից հավակնոտ այս փաստաթղթին։ Նրանք խորհորդ են տալիս ճտերն աշնանը հաշվել։

«Ազատություն» ռադիոկայանի՝ Չինաստանի հարցերով մասնագիտացված լրագրող Ռեյդ Ստանդիշը հիշեցնում է, որ Պեկինը ռազմավարական գործընկերության մասին հռչակագրեր է ստորագրել բազմաթիվ երկրների հետ՝ ընդ որում հաճախ նույն բովանդակությամբ ու ցանկություններով, որոնք, սակայն, շատ դեպքերում այդպես էլ մնացել են թղթի վրա։

Ռեյդ Ստանդիշ


«Բազմաթիվ են օրինակները, երբ Չինաստանն այս կամ այն երկրի հետ նման՝ պարտադիր ուժ չունեցող գործարքներ է կնքել, այսինքն՝ դրանք գոյություն ունեն թղթի վրա։ Եվ միայն այն դեպքում, երբ երկու կողմերն իսկապես լի են եռանդով, կարողանում են հասնել համաձայնության այլ ոլորտներում, դա կարող է աշխատել՝ վերաճելով շատ ավելի լայն ծրագրի», - ասում է Ստանդիշը։

Ադրբեջանական Azertac պետական լրատվական գործակալությունը Չինաստանին և Ադրբեջանին «ավելի քան հազար տարվա բարեկամություն» է վերագրում՝ առանց պատմական հենքը ներկայացնելու։

Փաստաղթերի ստորագրում Բաքվի և Պեկինի միջև, 2015թ․


Փորձագետները, սակայն, փաստում են՝ մեկ հարցում պետական լրատվամիջոցը ճիշտ է՝ երկու երկրները բազմաթիվ ընդհանրություններ ունեն․ երկուսն էլ հայտնի են ավտորիտար կառավարման համակարգով, մարդու իրավունքների ոտնահարումներով, կրոնական անհանդուրժողականությամբ։ Այս ֆոնին երկու երկրների համագործակցության վերջին տվյալներն այնքան էլ տպավորիչ չեն․ առևտուրն անցյալ տարի դեռևս չի գերազանցել 3 միլիարդ դոլարը, նախանցած տարի 2 միլիարդ դոլարից մի քիչ էր ավելի, մինչ այդ էլ՝ ավելի պակաս: Բաքուն ավելի շատ ֆինանսական շահ ունի Ռուսաստանից, Թուրքիայից, անգամ ԵՄ անդամ Իտալայից:

Բաքվի ակնկալիքն այլ է

Բաքվի ակնկալիքը Չինաստանից այլ է, կարծում է Հարավկովկասյան տարածաշրջանի հարցերով փորձագետ Վադիմ Դուբնովը․ - «Սա ուղերձ է այն մասին, որ մենք ոչ մեկի հետ ենք, ոչ էլ մյուսների, այլ հարում ենք ինչ-որ երրորդ ուժային կենտրոնի»։

Վադիմ Դուբնով, արխիվ

Քաղաքական վերլուծաբանը, որ տարիներ շարունակ հետևել է Բաքվի և Թուրքիայի, Ռուսաստանի, Պակիստանի, Բելառուսի, Ղազախստանի, Կենտրոնական Ասիայի այլ երկրների հետ դաշնակցային համագործակցությանն, այժմ տպավորություն ունի, որ Չինաստանի հետ դաշնակցային կապեր հաստատելով՝ Ալիևը փորձում է վերադիրքավորվել՝ նախևառաջ հավասարակշռել Թուրքիայի և Ռուսաստանի հետ իր հարաբերությունները, որոնց պարտական է Ղարաբաղի նկատմամբ տարած հաղթանակներում։

«Ադրբեջանը շարունակում է դիրքավորվել Չինաստանի կողքին՝ Արևմուտքից, ինչպես նաև Ռուսաստանից հեռու։ Այս ճանապարհով են գնում բոլոր նրանք, ովքեր փորձում են հեռավորություն սահմանել Արևմուտքի հետ, ինչպես, օրինակ, Բուդապեշտը, Թբիլիսին», - ասում է փորձագետը։

Բաքուն խոսում է տնտեսական կապերից

Բաքուն Պեկինի հետ հարաբարությունների մասին խոսելիս, շեշտը դնում է տնտեսական կապերի վրա։ Ալիևն այդ նպատակով Պեկին է գործուղել իր մերձավոր պաշտոնյաներից մեկին՝ արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևին, որ չինացի գործընկերներին Yeddi gözəl («Յոթ գեղեցկուհիներ») ադրբեջանական հայտնի պոեմի վառ գույներով էր պատմում
Ադրբեջանի գրավչության մասին։

«Ես կցանկանայի ավելի շատ չինական ընկերություններ տեսնել Ադրբեջանում։ Չինական ընկերություններն արդեն մասնակցում են Ադրբեջանի տնտեսության դիվերսիֆիկացիային, բայց մենք ակնկալում ենք ավելին», - ասել էր Հաջիևը։

Հիքմեն Հաջիև, արխիվ

«Չինաստանն այլընտրանքային ուղիներ է փնտրում»


Չինաստանի քաղաքականությանը հետևող լրագրող Սթենդիշի համոզմամբ, Բաքվի և Պեկինի հնարավոր համագործակցությունն ավելի լայն աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի։ Ուկրաինայի պատերազմի պատճառով աշխարհով մեկ պտտվող մատակարարման շղթաները խափանվել են, և հիմա համաշխարհային շուկաները գրաված Չինաստանը փորձում է այլընտրանքային ուղիներ գտնել։

«Ուկրաինա ներխուժումից հետո, ես կասեի՝ աշխարհաքաղաքական խաղի կանոններն ողջ տարածաշրջանի և հատկապես առևտրի համար իսկապես փոխվել են։ Կարծում եմ՝ այժմ Չինաստանի հարաբերություններն աշխարհի այս հատվածում Միջին միջանցքի համատեքստում պետք է դիտարկել», - ասում է լրագրողը։

Այդ մասին են վկայում Չինաստանի ներդրումները Վրաստանում՝ խոշոր ենթակառուցվածքային նախագծերում, ինչպես նաև Հայաստանի հետ առևտրի աճը։

2023թ-ին Պեկինը եղել է Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերը ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև հատել է 1,5 միլիարդ դոլարն՝ այս ցուցանիշով իր տեղը զիջելով միայն Ռուսաստանին, իսկ վերջին հինգ տարիներին հայ-չինական առևտրի ընդհանուր ծավալն ավելի քան կրկնապատկվել է։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Պեկին, 2019թ․

«Երկար ժամանակ Չինաստանն իրականում այդքան էլ հետաքրքրված չէր Կովկասով, քանի որ դրա կարիքը չուներ, գիտեք, որ դրանք (Հարավային Կովկասի երկրները) համեմատաբար փոքր շուկաներ են, նախկինում Պեկինի առևտուրը Եվրոպայի հետ բավականին հեշտ էր՝ ուղիղ ուղարկում էր Ռուսաստան, այնտեղից էլ եվրոպական շուկաներ, բայց հիմա դա այլևս այդպես չէ, այլընտրանքի կարիք կա», - ասում է Սթենդիշը։

Այդ այլընտրանքն, ըստ լրագրողի, Միջին միջանցքն է․ 6 հազար 500 կիլոմետրանոց մի ճանապարհ, որը Չինաստանը կմիացնի Եվրոպային Կենտրոնական Ասիայի և Կովկասի միջոցով՝ շրջանցելով Ռուսաստանը։

Ըստ Համաշխարհային բանկի՝ մինչև 2030 թվականը Միջին միջանցքով առևտրի ծավալը կարող է եռապատկվել, բայց մինչ այդ, մեծ ներդրումներ ու նոր կարգավորումներ են անհրաժեշտ։

«Պեկինը կարող է անփոխարինելի գործընկեր դառնալ Բաքվի համար»

Միջազգային փորձագետների գնահատականներով՝ եթե Միջին միջանցքն իսկապես սկսի աշխատել, Ադրբեջանը կարող է մեծ օգուտներ ստանալ, սակայն, մինչ այդ, պետք է եղած ենթակառուցվածքներն ու նյութատեխնիկական կենտրոններն ընդարձակել ու բարելավել։

Այստեղ է, որ Չինաստանը կարող է անփոխարինելի գործընկեր դառնալ Ադրբեջանի համար։

Ադրբեջանցի վերլուծաբան Զաուր Շիրիև, արխիվ

«Զգալի ներդրումներ են անհրաժեշտ՝ երթուղին մրցունակ դարձնելու համար», - Քարնեգի հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածում փաստում է ադրբեջանցի վերլուծաբան Զաուր Շիրիևը՝ հավելելով․ - «Առանց Չինաստանի աջակցության, քիչ հավանական է, որ Միջին միջանցքը դառնա առանցքային տրանսպորտային ուղի: Ադրբեջանը շատ է ցանկանում, որ Չինաստանն օգնի զարգացնել Միջին միջանցքի ֆիզիկական ենթակառուցվածքը»։

Բաքուն իր առաջին գործնական շռայլ քայլն արդեն արել է․ Covid 19 համաճարակի տարածումը կանխելու պատճառաբանությամբ ավելի քան չորս տարի ցամաքային սահմանները փակի տակ պահող Ադրբեջանի կառավարությունը երկրի դռներն է բացել Չինաստանի 1 միլիարդ 400 միլիոն քաղաքացիների համար՝ հնարավորություն տալով առանց վիզայի տարեկան երեք անգամ ելումուտ անել։