Կես ժամը մեկ տագնապ է քաղաքում, բայց խուճապ չկա. Կուրսկի հայերը՝ սպասման մեջ

Ուկրաինական ներխուժման մանրապատկերը Կուրսկում, 8-ը օգոստոսի, 2024թ.

Ուկրաինական զորքերը Կուրսկի մարզում են, գրավել են բնակավայրեր ու հատուկ նշանակության օբյեկտներ, «Ազատության» հետ զրույցում անանուն մնալու պայմանով պատմեց այս պահին Կուրս քաղաքում՝ ռազմական գործողություններից մոտ 100 կմ-ի վրա գտնող հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը։

Մարզում օգոստոսի 6-ից 11-ը արտակարգ դրություն է հայտարարված։

«Պատերազմի մեջ ենք, 60-70 կմ Կուրսկ քաղաքից հեռու երկու քաղաք գրավել են, կարևոր նշանառության օբյեկտներ, «Գազպրոմի» շինությունը և այլն, Սուջա քաղաքն է հիմնականում պայքարը… մենք հենց Կուրսկի մեջ ենք, այստեղ միշտ ракетний опасность կա, ու կարելի է ասել՝ հլը ապրում ենք էլի զգույշ», - նշեց նա։

Կուրսկ քաղաքից, ասաց «Ազատության» զրուցակիցը, դեռ տարհանում չի եղել։ Անընդհատ տագնապ է հայտարարվում, զվարճանքի վայրերը փակ են, տրանսպորտի աշխատանքը կանոնավոր չէ։ Անօդաչուներով ու հրթիռներով հարձակումներ կան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական ուժերն առաջանում են Դոնբասում, Ուկրաինայի պատասխա՞նը՝ ներխուժել Ռուսաստան

«Ազատություն»-ը նաև Կուրսկում հայկական մի սրճարանի տիրոջ հետ խոսեց, ասաց՝ մարդկանց մեծ կուտակումներն արգելված են։

«Հենց նոր ռակետը թռավ, կես ժամը մեկ տագնապ է քաղաքում, բայց մենք 1-2 տարի է՝ սովոր ենք, ոչ մեկը ոչ մի տեղ չի թաքնվում», - ասաց նա, շարունակելով, - «Ռեստորանները փակ չեն, աշխատում են, բայց շատ մարդ չեն թողնում նստեն՝ հարսանիք, կնունք, ծնունդ չեն անում։ Մոտավոր 18 գյուղ են վերցրել նրանք երկու օրվա մեջ»։

Դուրս գալու ցանկություն հայերն ունե՞ն, ասացին. - «Դե հլը չենք որոշել, տեսնենք՝ ընթացքում ինչ կլինի, մինչև օգոստոսի 11-ն է տված, օգոստոսի 11-ից հետո պարզ կդառնա։ Կհաջողվի հետ վերցնել, կամ ինչ-որ պայմանավորվածության գան, տեսնենք էլի՝ ինչ կստացվի։ Չգիտեմ՝ ով ինչ է ուզում, ռուսի նպատակը որն է, ուկրաինացունը որն է։ Հենց Կուրսկ քաղաքում չկա խուճապ, իսկ մյուս քաղաքները, որ մոտիկ են Ուկրաինային, տարհանել են մարդկանց»։

«Այստեղ քաղաքում խաճապ չկա… ես մենակ ռեստորանը չէ, շատ բան ունեմ քաղաքում, դրա համար իմաստ չեմ գտնում գնալու, ո՞ւմ թողնեմ, ո՞ւր գնամ», - նշեց մյուս քաղաքացին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չորրորդ օրն է Կուրսկում մարտերը շարունակվում են, մարզում արտակարգ դրություն է հայտարարվել

Ուկրաինային սահմանակից Կուրսկի մարզում, Ռուսաստանի 2020-ի մարդահամարի տվյալներով, ավելի քան 5 հազար հայ է ապրում։ Հայ համայնքը մեծությամբ երկրորդն է ուկրաինականից հետո։ Հայաստանի իշխանությունն արդյոք դիտարկում է հայերին տարհանելու հնարավորությունը՝ հայտնի չէ։ «Ազատություն»-ը դիմել է արտգործնախարարություն, դեռ պատասխան չկա։