Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն ԱՄՆ-ում հանդիպումներ է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ, քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի հարցեր, հաղորդում են ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանությունն ու ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը։
Ըստ հաղորդումների՝ Ամիրբեկովն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի ներկա վիճակը, ինչպես նաև տարածաշրջանում վերջին զարգացումները, մասնավորապես, քննարկել է ԱՄՆ նախագահի հատուկ հարցերով օգնական Մայքլ Քարփենթերի, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենի, պետքարտուղարի օգնական Յուրի Քիմի հետ։
Խաղաղության պայմանագրի՝ Բաքվի առաջարկների հերթական՝ 10-րդ փաթեթը Երևանը մեկ ամսի առաջ է ստացել, իսկ այժմ այդ առաջարկները մշակման փուլում են։
Նախօրեին Ամիբերկովը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի ավարտին։
«Եթե նայեք խաղաղության համաձայնագրի տեքստին, որը դրված է բանակցությունների սեղանին, ապա կողմերը մոտ են դրա ավարտին», - ասել է նա՝ հավելելով, որ «Բաքուն զգալի առաջընթաց է գրանցել Երևանի հետ խաղաղ բանակցություններում»։
Երևանը բազմիցս վերահաստատել է բարձր և բարձրագույն մակարդակով բանակցություններն ինտենսիվացնելու և մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու իր առաջարկը։ Սակայն Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։
ՆախօրեինՎաշինգտոնը վերահաստատեց՝ շարունակում է ակտիվորեն նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և երկարատև խաղաղության հաստատմանը։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը պնդեց, թե Երևանն ու Բաքուն փոքր-ինչ հիասթափված են կարգավորման գործընթացում Ռուսաստանի ներգրավվածությունից։ Նրա խոսքով՝ Մոսկվան չի ցանկանում, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն կնքեն, «կամ էլ փորձում է համոզվել, որ դա տեղի կունենա իր պայմաններով»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնն օգնում է Հայաստանին Ռուսաստանից հեռանալու հարցում․ Օ՛Բրայեն ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը սպառնում է «իր ողջ զինանոցով», Հայաստանն արձագանքում է՝ «մարտունակ բանակ ունենալն իր ինքնիշխան իրավունքն է»